Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։
ՀՀ արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության, վերապատրաստման գործում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը:
Ասո Տավիթյանը վստահեցրել է, որ իր ստեղծած հիմնադրամի գործունեությունն՝ ի նպաստ Հայրենիքի, շարունակական բնույթ է կրելու։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: