«Առաջնագծում գտնվող քաղաքացիների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են... »:
ԼՂՀ կառավարությունը բանակցում է բանկերի հետ՝ ապրիլին առաջացած տույժ-տուգանքների վերանայման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր բլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«Քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում են առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չեն ունեցել:
Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ »,- գրել է Բեգլարյանը:
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը նշել է նաև, որ մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնեն վերջնական լուծումների մասին՝ հավելելով, որ կառավարությունն առավելագույնը կանի մեր դիրքապահ տղաների համար: Նա հույս է հայտնել, որ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն: