Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է:
Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը. Սեյրան Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում: Նախարարը հավաստիացրեց` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը: «Մեր համագործակցության և փոխօգնության շրջանակներում ես Պաշտպանության բանակի առաջնագծում էի, անձնակազմի տրամադրությունը բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները»,- վստահեցրել է նախարարը:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: