Մայիսի 25-ին Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը, որը ժամանակին շռայլ գումարներ էր ծախսում տարբեր նախագծերի վրա՝ նոր հիվանդանոցներից մինչև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հյուրընկալություն, փակել է արտասահմանում իր մի քանի գրասենյակները՝ նավթի գների անկման ֆոնին ծախսերը կրճատելու նպատակով։
Ադրբեջանական SOCAR-ը փակում է գրասենյակները՝ նավթի գների անկման պատճառով. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը, գրում է Reuters-ը:
Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով: Fitch վարկանշային կազմակերպությունը SOCAR-ի վարկանիշը փետրվարի 29-ին նվազեցրել է «BB+»-ի՝ բացասական կանխատեսմամբ:
Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016 թվականի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:
Աբդուլաևը հայտնել է, որ փակվել են Գերմանիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրասենյակները:
«Լավ ժամանակներում SOCAR-ը նավթից ստացած եկամուտը շռայլորեն էր ծախսում»,- գրում է գործակալությունը: Այն դպրոցներ և հիվանդանոցներ էր կառուցում, այն 2012 թվականին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի, ինչպես նաև անցած տարի առաջին Եվրոպական խաղերի գլխավոր հովանավորն էր:
Նավթի գների կտրուկ անկումը, սակայն, ստիպել է ընկերությանն այս տարի կրճատել տրանսպորտի, հաղորդակցությունների, հովանավորչական նախագծերի, ինչպես նաև համաժողովների ծախսերը:
SOCAR-ի պաշտոնյաները նշում են, որ ծախսերը կրճատելը կօգնի ընկերությանը երեք տարվա ընթացքում խնայել մոտ 400 միլիոն մանաթ (267 մլն դոլար):
SOCAR-ի պաշտոնյաների խոսքերով՝ եթե նավթի գները նվազեն ներկայիս մոտ 44 դոլարից 35 դոլարից էլ ցածր, ընկերությունը ստիպված կլինի է՛լ ավելի «ձգել գոտիները»: