Այսօր Ստեփանակերտի «Արագիլ» սրճարանում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին և Ստեփանակերտի տոնին:
Ստեփանակերտի տոն օրվա կապակցությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ խաղին իրենց մասնակցությունն են բերել մայրաքաղաքի 12 դպրոցների, ինչպես նաև ֆիզմաթ դպրոցի թիմերը:
«Նման խաղերը հնարավորություն են ընձեռում աշակերտներին մեկ անգամ ևս իրենց դրսևորելու և բացահայտելու իրենց ինտելեկտը»,-ավելացրել է Կ. Հարությունյանը:
Ինտելեկտուալ խաղը կազմված էր 3 փուլից: Ամեն փուլում հնչել է 10 հարց: Յուրաքանչյուր հարցին տրվել է 1 րոպե ժամանակ:
Առաջին, երկրորդ տեղերն զբաղեցրած թիմերը պարգևատրվել են դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից թիմերն էլ խրախուսվել են:
«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի ժյուրիի անդամ Իգոր Բեցկովը նշել է, որ հարցերը տարբեր ոլորտներից են, ընդգրկված են Ստեփանակերտին վերաբերող հարցեր ևս, քանի որ խաղը նվիրված է մայրաքաղաքի տոն օրվան:
Իգոր Բեցկովը նշել է, որ նման խաղերը շատ կարևոր են աշակերտների մտավոր զարգացման, ինտելեկտի և մտահորիզոնի լայնացման գործում:
Ստեփանակերտի համար 10 դպրոցի «Հայդուկ» թիմի ավագ Սամվել Միրզոյանը տեղեկացրել է, որ իրենք մեկ շաբաթ պատրաստվել են այդ խաղին. նրանք առանձնապես տրամաբանական հարցերին են իրենց ուշադրությունը սևեռել:
«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղն ընդմիջվում էր երաժշտական կատարումներով:
Խաղին հետևում էին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի համակարգի աշխատակիցներ, ուսուցիչներ, երկրպագուներ: