Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Իրաքի խորհրդարանի`նախօրեին կայացրած որոշումը, որը վերաբերում է իրաքյան Մոսուլ նահանգում թուրքական ԶՈւ-ի իրականացնելիք ռազմական գործողություններին:
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իրաքի խորհրդարանի՝ Էրդողանին ուղղված մեղադրանքներ պարունակող որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև քննադատել է Իրաքի խորհրդարանի անդամներին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքների համար:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն Իրաքի խորհրդարանի կողմից «անօրինական» են համարվում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: