Հանրապետության մեղվաբույծների համար ԼՂՀ գյուղնախարարությունը մեղվաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ կազմակերպել է սեմինար-դասընթաց:
Արցախում մեղվաբուծության զարգացման նպատակով կազմակերպվել է դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ սեմինար-դասընթացն անց է կացրել մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ («Панский сот») զբաղվող մասնագետ մոսկվայաբնակ Սուրեն Գրիգորյանը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը իր շնորհակալությունն է հայտնել մեր հայրենակից Սուրեն Գրիգորյանին նման դասընթացներ կազմակերպելու համար:
«Առաջիկայում կկիրառենք նաև ռազմավարական ծրագրեր երկրագործության և անասնապահության ոլորտներում: Բոլոր փոփոխություններն ու նորարությունները, որոնք ցանկանում ենք ներդնել գյուղատնտեսության մեջ պետք է կապված լինեն գիտության նորույթների, նորագույն տեխնոլոգիաների հետ: Դա վերաբերելու է գյուղատնտեսության բոլոր ոլորտներին: Ցանկանում ենք, որ Արցախի գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ կիրառենք նաև մեղվաբուծության մեջ: Սուրեն Գրիգորյանի այստեղ գալու նպատակն էլ հենց դա է: Նա սիրով համաձայնել է իր աջակցությունը ցուցաբերել և այդ ասպարեզում նորարարությունները ներդնել իր հայրենիքում ևս. դրանք անշուշտ կհեշտացնեն այդ գործով զբաղվողների աշխատանքը՝ հնարավորություն տալով էլ ավելի զարգացնելու տնտեսությունը և հասնելու լուրջ արդյունքների:
Դրանք կօգնեն նաև ավելի ցածր արժեքով ապրաքներ արտադրել: Այսպիսով մենք հնարավորություն կունենանք աշխարհին ներկայանալ ավելի տեսանելի, բազմազան ու որակյալ ապրաքներով:»,- մասնավորապես ասել է Ա. Մխոյանը:
Սուրեն Գրիգորյանը, մեղվաբույծներին ներկայացնելով իր փորձը, որի շնորհիվ ոչ միայն ավելացել է մեղվարտադրությունը, այլև ավելացել է գնորդների վստահությունը արտադրված ապրանքի հանդեպ:
Առաջարկված տեխնոլոգիաներով արտադրված մեղրը հնարավորություն կտա Արցախին՝ արտերկրում ավելի ներկայանալի լինելու համար:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն, հարցի վերաբերյալ Արցախում կազմակերպվելիք դասընթացների ՝ մեղվաբուծության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և ուսուցման ուղղությամբ: