Այսօր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Պոեզիայի դահլիճում կայացել է «Արձակագիր Մարտիրոս Ոբնի ստեղծագործությունը» թեմայով գիտաժողով՝ նվիրված գրողի ծննդյան 60-ամյակին։
«Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Մարտիրոս Ոբնի ծննդյան 60-ամյակին
Այսօր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պոեզիայի դահլիճում կայացել է «Արձակագիր Մարտիրոս Ոբնի ստեղծագործությունը» թեմայով գիտաժողով՝ նվիրված գրողի ծննդյան 60-ամյակին։
«Արցախպրես»-ի գիտաժողովին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրողներ, մտավորականներ և ընթերցասերներ։
Բացման խոսքում Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը կարևորեց Մարտիրոս Ոբնի (Համլետ Մարտիրոսյան) ստեղծագործական արժանիքները, որոնք նրա արձակում արտահայտված են պարզությամբ, իրադարձությունների, վերարտադրման և պատումների այն անմիջականությամբ, որոնցով օժտված է հեղինակը։ Վ. Հակոբյանն ընդգծեց նաև Մ. Ոբնի արձակում արտահայտված բառազգացողության բարձր մակարդակը և գեղարվեստական խոսքի մեջ զգացվող ինտելեկտը։
Հեղինակի ավագ գրչընկեր, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի խոսքով՝ Մ. Ոբնի ստեղծագործություններում արտահայտված են համաշխարհային գրականության ուղղություններն ու ձևերը։ Հեղինակի կարևոր առանձնահատկություններից մեկը, ըստ Մ. Հովհաննիսյանի, պատումների սյուրռեալիստական ոճն է, իսկ նրա բերած թարմ մտածողությունն ու խոսքը հեղինակի ստեղծագործության՝ մնայուն արժեք լինելու մասին է խոսում։
Գիտաժողովի ընթացքում Մ. Ոբնի ստեղծագործությունների վերաբերյալ զեկույցներով և ելույթներով հանդես եկան հեղինակի այլ գրչընկերներ ու գրականագետներ, ովքեր կարևորեցին արձակագրի գրական ավանդը, որում գեղարվեստական արտացոլում է գտել ինչպես արցախյան գոյամարտը, այնպես էլ հետպատերազմյան իրականությունը։
Գիտաժողովը եզրափակվեց Մ. Ոբնի եռահատոր «Երկեր»-ի առաջին երկու հատորների շնորհանդեսով, որոնցում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին գրած պատմվածքները, գրականագիտական ուսումնասիրությունները և արվեստի մասին մտորումները ։