«Համազգային հայ կրթական մշակութային միության» և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ գալիք տարվա ապրիլին ԱրՊՀ-ում կազմակերպվելու է գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին:
ԱրՊՀ-ում կկազմակերպվի գիտաժողով. հայտերն արդեն ընդունվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Ավանեսյանն ասել է, որ գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. հունվարի 30-ը artsakh@hamazkayin.com հասցեով ուղարկել լրացված հայտը: Զեկույցների ամբողջական տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:
«Գիտաժողովին ներկայացված նյութերը տպագրվելու են առաձին ժողովածուով: Իսկ զեկույցը կարելի է ներկայցնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով»,- ասել է Վ. Ավանեսյանը և ավելացրել, որ հոդվածը պետք է ունենա նաև եռալեզու ամփոփում և բանալի բառեր:
Վ. Ավանեսյանի խոսքով՝ գիտաժողովի կազմկոմիտեում ընդգրկված են ԱրՊՀ պատմության բաժնի դասախոսներ, գրականագետ Վիգեն Թյուֆենկճյանը Կանադայից և «Համազգային հայ կրթական մշակութային միության» հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը: