ՀՀ պատգամավոր Թևան Պողոսյանը, վերլուծելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հայտարարություններն ու զրույցները, նշեց, որ դրանք որևէ փոփոխություն կարգավորման գործընթացում չբերեցին:
Անհասցե, անատամ, հին հայտարարություններն էին․ Թևան Պողոսյանը ԵԱՀԿ խորհրդի նիստի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գործընթացը, որը ԵԱՀԿ-ում փորձում են առաջ տանել, մնացել է նույն մակարդակի վրա․ առանց հասցե, առանց մեղավորի անունը տալու, անատամ, հին հայտարարություններն էին: Միակը, որ ձևակերպումներում ավելի սուր էր ընկալվում, Ջոն Քերին էր, ով ասաց հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Թևան Պողոսյանը նկատեց, որ մնացած հայտարարությունները, պետք է հարգել պայմանավորվածությունները, հրադադարի պահպանման ռեժիմը, շատուշատ ասվել է, լսվել է արդենվաղուցվանից: Նա նշեց նաև, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է խոչընդոտում շփման գծում վերահսկման մեխանիզմների ներդրմանը:
Թևան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ևս մեկ դետալի վրա: «Միակ տարբերությունը մնացած ժամանակների հայտարարություններից այն է, որ առաջինը շեշտադրվեց ուժի չկիրառումը, հետո նոր մնացած սկզբունքները: Եթե նախկինում խոսում էին տարածքային ամբողջականությունից, հիմա շեշտադրեցին ուժի չկիրառման անհրաժեշտության մասին: Հիշարժան է նաև հայտարարության այն հատվածը, որտեղ նշված էր, որ եթե լարվածություն եղավ, ապա կողմերն են պատասխանատուները: Հասկանալի է՝ ով է լարվածությունը ստեղծում և հասկանալի է, թե ինչու են այդպիսի շեշտադրումով հայտարարում»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորը միջնորդների անհասցե հայտարարությունները և անարդարացիորեն հավասարակշռություն պահելը պատճառաբանում է նրանով, որ վախենում են այն փաստից, որ հիմնախնդիրը չունի լուծում: «Վախենում են, որ որևէ երկրի քաղաքականության մեջ չկա ճնշում գործադրելու ցանկություն, վախենում են, որ տարբեր երկրներ ունեն շահեր և իրենց համար այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առաջնային դաշտում չէ, խնդիրներն աշխարհում ավելի ու ավելի շատ են»,- ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը միջնորդների անվճռական քաղաքականությունը պայմանավորում է նաև փոփոխվող համանախագահների ու ըստ դրա, նրանց գործունեության հանդարտությամբ: «Օրինակ՝ Ուորլիքը հեռանում է, դեռ նոր համանախագահ չկա, ԱՄՆ վարչակազմն էլ փոխվում է և իրենք չեն համարձակվի նոր մոտեցումներ բերել: Դրա համար նրանք փորձում են ինչ-որ ձևով ներկայացնել, որ կարևորում են այդ խնդիրները, փորձում են լուծել, բայց իրականում իրավիճակն այն է, ինչ որ կա»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ այս իրավիճակում «մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է ինքներս անենք»: Նա նշեց, որ տարբեր հանդիպումներում և բանակցություններում ԼՂ հիմնախնդրին վերաբերող մեր խոսքերը պարզապես հանրային հայտարարությունների բառակապակցություններ են, որոնցով ներկայանում ենք, թե համահունչ քայլում ենք աշխարհի հետ:
«Բայց մեր խնդիրները միայն այդ դաշտի մեջ չեն»,- ասաց Թևան Պողոսյանն ավելացնելով, որ մենք պետք է աշխատենք երկիրը զարգացնելու ուղղությամբ: Նա նշեց, որ գուցե ապագայում՝ 100 տարի հետո, Ադրբեջանի նոր սերունդը հասկանա, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունն է:
«Պետք է հասկանանք, որ երկար ճանապարհ ունենք դեռ անցնելու ու պետք է ամուր ձևով քայլենք, իսկ դրա համար պետք է երկրի տնտեսությանը, ժողովրդավարական ինստիտուտներին զարկ տանք, ձևավորենք հասարակություն, որը, գիտակցելով այդ տեսլականը կկերտի իր ճանապարհը: Խնդրի լուծման այլ տարբերակ չի լինելու»,- ասաց նա՝ մատնանշելով, որ մենք անընդհատ չպետք է սպասենք ԵԱՀԿ-ում ինչ փաստաթղթեր են ընդունվում, եթե հստակ գիտենք, որ այդ փաստաթղթերից և ոչ մեկի նկատմամբ Ադրբեջանի նախագահը չունի և չի ունենալու հարգանք և ապավինելու ուժային մեխանիզմներին: