Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ գերի ընկածն Ադրբեջանի բանակի զինծառայող չէ:
Արցախի ՊԲ-ի կողմից գերեվարվածի մայրը պնդում է, որ իր որդին զինծառայող էր. բացահայտվում է Ադրբեջանի ՊՆ-ի սուտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեսանյութ է տարածել Istipress.com-ը:
Տեսանյութում մայրը ներկայացրել է, որ գերեվարված Էլնուր Հուսեյնզադեն ռազմական ծառայության ավարտից չորս ամիս հետո վերադարձել է բանակ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով:
Վերջին անգամ նա տանն է եղել դիվերսիոն փորձի նախօրեի երեկոյան:
Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ: