Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ՝ մարտական պատրաստականությանը առնչվող տարբեր թեմաներով:
ՊԲ-ում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքներին մասնակցում էին նաեւ բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների եւ զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում, գործնականում ցուցադրվեցին զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, գործողությունները անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման եւ պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները:
Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաեւ այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաեւ ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Պարապմունքների ավարտին ի մի են բերվել եւ ընդհանրացվել արդյունքները եւ վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ: