Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ Ուֆուք Ուրասը և իրավապաշտպան Շանար Յուրդաթափանը Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Թուրք գործիչները դատապարտել են Լապշինին հետապնդելու Ադրբեջանի վարքագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին գրում է T24.com.tr-ի սյունակագիր Րաֆֆի Հերմոն Արաքսը:
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կոչի, որով նա հորդորում էր Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչներին և լրագրողներին դատապարտել Լապշինի արտահանձնումն ու ձերբակալումը, Ուրասը նշել է, Լապշինը պետք է անհապաղ ազատ արձակվի: «Մենք ցանկանում ենք Թուրքիայից անել այս կոչը, քանի որ լրագրությունը սահմաններ և ազգություն չի ճանաչում: Լրագրությունը հանրային գործունեություն է: Լրագրողները չեն կարող գերի առնվել և առևտրի առարկա դառնալ»,- հայտարարել է Ուրասը:
Իրավապաշտպան Շանար Յուրդաթափանը մեղադրել է Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը: «Աշխարհի շատ երկրներում ղեկավարությունն իր իշխանությունը մինչև վերջ պահելու ակնկալիքով ոստիկանական պետություններ են ստեղծում: Դժբախտաբար, Ադրբեջանն էլ նման պետությունների շարքում է: Սակայն արդեն այն վիճակում չենք, որ նրանց ինչ-որ բան ասենք, քանի որ Թուրքիայում առկա վիճակը շատ չի տարբերվում: Թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում կամ ցանկացած այլ երկրում մարդու իրավունքների խախտումները պետք է բոլորիս կողմից դատապարտվեն»,- նշել է նա: Իրավապաշտպանն անընդունելի է համարել Լապշինի հետ կատարվածը` ընդգծելով, որ անկողմնակալ ու ճիշտ լուր հաղորդելը ցանկացած լրագրողի պարտականությունն ու իրավունքն է:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: