Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել կանոնավոր բնույթ:
Արցախի ՄԻՊ-ը Եվրախորհրդարանում ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի վայրագությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, փետրվարի 14-ին, Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը:
Ասուլիսին ներկա է եղել նաեւ Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը:
Մելիքյանի խոսքով, զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: «2016թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր եւ ծանր խախտումները դեռեւս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից եւ անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,-նշվում է զեկույցի նախաբանում:
Այնուհետեւ փաստաթղթի հեղինակները ներկայացնում են քառօրյայի պատմությունը՝ մանրամասներ ներկայացնելով ԼՂ սահմանի երկայնքով ադրբեջանական սադրանքի եւ ագրեսիայի, կիրառած ծանր զինատեսակների, զինծառայողների եւ խաղաղ բնակիչների գլխատումների, նրանց կտտանքների ենթարկելու, դիակների պղծման, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված ԼՂ բնակչության 90 տոկոսը եղել է խոշտանգված, սպանված կամ խեղված։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի բոլոր ուղղություններով՝ Թալիշ գյուղում, որը ապրիլյան պատերազմի խորհրդանիշն է դարձել, ինչպես նաև ագրեսիայի մյուս ուղղություններով»,-նշել է Ռուբեն Մելիքյանը։
Զեկույցում նշվում է, որ տվյալ զեկույցի շրջանակում դիտարկվում է ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ ԼՂ նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի ժամանակ, ԼՂՀ զինվորների եւ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ: Դրանք են՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը: Թվարկված բոլոր գործողություններն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում:
Հայտնի է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների եւ պղծման հետքեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, ներկայացվում են հայկական կողմի ներկայացուցիչներին գլխատելու, նրանց ականջները, մարմնի այլ մասերը կտրելու, աչքերը հանելու ու մարմնական այլ տանջանքների ենթարկելու բազում ապացույցներ:
Զեկույցի եզրակացությունում նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ: «Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետական մակարդակով է կրում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը եւ պարտավոր է հետաքննել ու դատական կարգով հետապնդել տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին»,-նշվում է զեկույցի եզրակացությունում: