Նիդերլանդները չեղարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:
Նիդերլանդները վայրէջքի թույլտվություն չի տվել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post-ը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Մարտի 11-ին Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենց կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: