Թուրք-ֆրանսիական հարաբերությունների համար ճգնաժամային փուլի պատճառ դարձած Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձյալ հայտնվելու է Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում:
Հուսով եմ՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կհայտնվի խորհրդարանի օրակարգում. Վալերի Բուայե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հիշեցնենք, որ Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն նոր օրինագիծ է պատրաստել ու ներկայացրել խորհրդարանին:
Թուրքական «Ջիհան» գործակալության հետ զրույցում Բուայեն ասել է. «Ես նոր օրինագիծ եմ ներկայացրել խորհրդարանին: Հուսով եմ, որ օրինագիծը կհայտնվի խորհրդարանի օրակարգում»:
Նա նշել է, որ նոր օրինագիծն ինքն արդեն ուղարկել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին, և ներկայում արդեն 40-ից ավելի պատգամավորներ ստորագրությամբ հաստատել են իրենց աջակցությունը նոր նախագծին:
Բուայեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն:
Նրա խոսքով՝ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պարտավորեցնում են պատրաստել այս նախագիծը:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնություններն ու քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում:
Նա պնդում է, որ եթե ցեղասպանությունների դեմ ազդեցիկ մի օրինագիծ լիներ, ապա այսօր տեղի ունեցող դեպքերը չէին լինի:
Վալերի Բուայեն նշել է, որ պետությունները պետք է դատապարտեն ցեղասպանություններն ու քննադատել է Թուրքիայի կեցվածքը:
Ավելի վաղ Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: