Ռուսաստանի Դաշնությունում գործող «Հայկական բժշկական գիտական միություն» հասարակական կազմակերպության անդամներն այցելել են Ստեփանակերտ և օգոստոսի 15-ից «Արևիկ» մանկական հիվանդանոցում և Հանրապետական բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ են անցկացնում:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հայ բժիշկներն անկացնում են անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանը նշել է, որ այցին պատրաստվել են մեկ տարի:
«Մենք 50 ուսանողներից ընտրել ենք ընդամենը 8-ին, ովքեր ավելի հարուստ փորձ և գիտելիքներ ունեն: Որոշ ուսանողներ կենտրոնացված են վիրաբուժության ոլորտում, իսկ մյուսները՝ մանկաբուժության և թերապիայի»,- ասել է Հ. Ահարոնյանը և հավելել, որ այցի ընթացքում տեղի գործընկերների համար հանդես են գալիս նաև դասախոսություններով, որոնք վերաբերվում են մանկաբուժության և վիրաբուժության արդի մոտեցումներին:
Մոսկվայի «Երեխաների առողջության ազգային գիտահետազոտական կենտրոնում» աշխատող մանկաբույժ Գոհար Մովսիսյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն է իրենց աջակցությունը բերել Արցախի մանուկներին: «Ծնվել եմ Ստեփանակերտում, սակայն ապրում և աշխատում եմ Մոսկվայում: Ես իմ կոլեգաների հետ եկել եմ Արցախ և կարծում եմ, որ մեր այցը կօգնի բարելավել երեխաների առողջությունը»,- հավելել է բժիշկ Մովսիսյանը և նշել, որ հետազոտել են ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների:
Հավելենք, որ «Բաց դռների օր» ծրագրի շրջանակում Մոսկվայից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կլինեն մինչև օգոստոսի 25-ը:
Նշենք, որ «Հայկական բժշկական գիտական միություն»-ը հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների, բժիշկների միավորման հարթակ: