ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը չգիտի՝ Ադրբեջանը ՌԴ դաշնակիցն է, թե ոչ, սակայն կարող է փաստել, որ «Ադրբեջանական լվացքատան» սկանդալը դեռ նոր է մեկնարկում։
Վստահ եմ՝ ադրբեջանական կոռուպցիոն մեխանիզմներում կիրառվել են նաև հակահայկական գործողություններ. Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման տեսակետ խորհրդարանականն այսօր հայտնեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ունեցած զրույցում, հայտնում է Panorama.am-ը։
«Իմ վերջին բոլոր ելույթներում այս հարցը բարձրացրել եմ և եվրոպացի գործընկերների կողմից համապատասխան արձագանք ստացել։ Կարծում եմ, որ հատկապես ԵԽԽՎ ձևաչափում բոլոր երկրների պատվիրակները պարտավոր են ճնշումներ գործադրել իրենց ազգային կռավարությունների վրա, հետամուտ լինել ներկայացված փաստերի լիարժեք ուսումնասիրությանը և պատժել մեղավորներին։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում կիրառվել են նաև հակահայկական գործողություններ»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը՝ Արմեն Աշոտյանը շեշտեց՝ հայկական կողմի տեսակետները անփոփոխ են։
«Խոսքը գնում է այն հանգամանքների մասին, որոնք պետք է վերականգնեն բանակցային գործընթացի միջավայրը։ Երբ ասում ենք բանակցային գործընթացի միջավայր, նախևառաջ նկատի ունենք Սանկտ Պետերբորւգի և Վիեննայի պայմանավորվածությունների լիարժեք իրականացում, համապատասխան մեխանիզմների ներդրում, որպեսզի ստեղծվի արժանահավատ և անվտանգային միջավայր»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը։