ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի այլ երկրների պատճառով:
«Այդ վախերը մերը չեն». ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի այլ երկրների պատճառով. Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը Հայաստանի համար ակնկալվող գործընթաց է. «Այո կան պայմանականություններ, տեխնիկական խնդիրներ, որոնց մեր երկիրը պետք է բավարարի: Բայց դրանց հետեւում կա քաղաքական կամք, որը չի կարող լինել միակողմանի, միայն Հայաստանի կողմից: Այն պետք է լինի նաեւ ԵՄ-ի կողմից: Ես խնդրում եմ մեր եվրոպացի գործընկերներին, որ այլ երկրների միգրացիոն խնդիրների պատճառով Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը չպետք է տուժի, որովհետեւ ամեն երկիր պատասխանատու է իր կնքած համաձայնագրի համար»,-հայտարարեց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ եթե կան երկրներ, որոնք չարաշահում են ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը, դա չի նշանակում, որ Հայաստանի պարագայում պետք է պրոյեկտվեն այդ վախերը. «Այդ վախերը մերը չեն»:
Նշենք, որ Վրաստանի քաղաքացիների համար 2013-ից Շենգենյան գոտու երկրների հետ գործում է ոչ վիզային ռեժիմ: Նման ռեժիմ սահմանելուց հետո ԵՄ երկրներում ապաստան փնտրող վրացիների թիվն աճել է։ Խոսքը, օրինակ, Գերմանիայի և սկանդինավյան երկրների մասին է։ Այդ հարցը քննարկվել է Բրյուսելում, սակայն առայժմ վիզային ռեժիմի դադարեցման մասին հարց դեռ չեն բարձրացնում: