Artsakhpress

Հասարակական

Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը (լուսանկարներ)

ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը։

Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը (լուսանկարներ)

Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցող գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրությամբ զբաղվող Արցախի և ՀՀ գինեգործներին ցուցահանդես-տոնավաճառում հնարավորություն էր ընձեռվել՝ ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը:

Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք:

«Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում ստեղծվել էին նաև առանձին գինեգործական տաղավարներ, գինու սրճարաններ՝ երաժշտական փոքր ներկայացումներով: Բացի այդ, առաջին անգամ արգելոցի ողջ տարածքում կազմակերպվել են էքսկուրսիաներ:

Կայացել է նաև «Տողի ապարանքի գանձերը» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են հնագիտական պեղումների ընթացքում և նվիրատվությունների արդյունքում հավաքագրված բացառիկ իրեր:

Իսկ միջոցառմանը ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր և զարդեր, կավե ամանեղեն։

Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ, հատուկ փառատոնի համար նախատեսած տաշտում խաղողի ճզմման ծիսակատարությամբ և նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ: Այնուհետև փառատոնի մասնակիցները շրջել են տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու տեսականիների հետ:

ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արցախյան գինու փառատոնն ամենամյա տոնախմբություն է, և այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը:

«Այս փառատոնը համարում եմ բացառիկ, ավելի քան 20 գինոգործական ընկերություններ են մասնակցում, որոնցում մեծ թիվ են կազմում ՀՀ-ից ժամանածները. ունենք 30 տաղավարներ: Միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»,- ասել է Ս. Շահվերդյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր գինեգործ իր ապրանքներն առաջարկում է իր կողմից սահմանված գնով. այս առումով ոչ մի սահմանափակում չկա:

Փառատոնին ներկա էին Բելգիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից պատվիրակներ, որոնք ներկայացնում են գինու վաճառքով զբաղվող տարբեր ընկերություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային բաժնի պետ Լիանա Աբելյանն ասել է, որ օտարերկրյա պատվիրակներն Արցախ են ժամանել՝ տեղի կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու և արցախյան արտադրանքը արտահանելու համար:

«Մենք որոշել ենք, որպեսզի Արցախն էլ ներգրավենք գինեգործության աշխատանքներին, քանի որ Արցախում արագ քայլերով զարգանում է գինեգործությունը»,- նշել է Լ. Աբելյանը:

Միջոցառման ընթացքում հնչում էին հանրապետության ճանաչված մշակութային համույթների, անհատ կատարողների ելույթներ, ցուցադրվում էին ազգագրական պարեր ու խաղեր:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, օտերերկրյա զբոսաշրջիկներ և այլք:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search