Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ահաբեկչական գործողությունները երկրում համեմատել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած կոտորածների հետ:
Սիրիայի նախագահը իր երկրում ահաբեկչությունները նմանեցրել է Թուրքիայի իրագործած հայկական ցեղասպանության հետ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ահաբեկչական գործողությունները երկրում համեմատել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած կոտորածների հետ: Ինչպես հաղորդեց «Արցախպրես»-ը, «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահը նշել է, որ ահաբեկչության անմարդկային, վայրենի և դաժան գործողությունները
հիշեցնում են այն, ինչ տիրում էր միջնադարյան Եվրոպայում ավելի քան 500 տարի առաջ: «Դրանք հիշեցնում են նաև թուրքերի կողմից իրագործված զանգվածային սպանությունները, երբ նրանք սպանեցին 1.5 միլիոն հայերի և կես միլիոն ուղղափառ ասորիների»,- ասել է նա:
Ասադը նաև նշել է, որ սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում բազմաթիվ հանգամանքների հետ դժվար էր համակերպվել: Նա հայտարարել է, որ ժնևյան համաժողովում իրենց առաջնահերթ խնդիրն է հասնել համաձայնության ահաբեկչության դեմ պայքարում և ճնշում գործադրել ահաբեկիչներին աջակցող, զինող և ֆինանսավորող երկրների վրա, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: