«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Արցախ այցելած մի խումբ թուրք հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ նախօրեին Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով:
Թուրք գործիչները Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թուրքական Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը ասել է, որ իրենք շատ տպավորված են Արցախ այցելությունից և իրենց ստացած ջերմ վերաբերմունքից: Նրա խոսքով՝ իրենք կողմ են, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությանը և ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, իսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում ունենա: «Միջազգային իրավունքի տեսանկյունից մի օրենք կա. ով սեղանին չի նստում, նա իրավացի չէ: Պետք է նախ և առաջ մի կողմ թողնել՝ ով է իրավացի և ով՝ ոչ, ու ընդհանուր սեղանի շուրջ նստել՝ խոսելու և լուծումներ գտնելու համար»,- ասել է Ուֆուկ Ուրասը և ավելացրել, որ Արցախում պաշտոնյաների կողմից հնչեցված այն միտքը, որ հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն և ոչ թե պատերազմով, այս առումով հուսադրող է իրենց համար:
Ըստ թուրք գործիչի, հասարակություններն, ընդհանրապես, հակված են միայն իրենց ցավը տեսնելու, և շատ ժամանակ այդ ցավերը մրցակցության մեջ են դնում: «Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր ընդհանուր ցավն են և այդ տեսանկյունից մոտենանք հարցերին: Մենք թուրքական հասարակության մեջ լուսավորելու, տեղեկացնելու այդ գործառույթն ենք կատարում և փորձելու ենք այս այցից հետո ևս մեր տպավորությունները փոխանցել թուրք հանրությանը»,- ասել է Ու. Ուրասը:
«Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե Արցախ այցելելուց հետո արդյոք չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուց, Ու. Ուրասը պատասխանել է ասացվածքով. նա ով անձրևի տակ է մտնում, երբեք չպետք է վախենա թրջվելուց: «Չգիտեմ՝ մեր այցը քաղաքական ինչ հետևանքներ կունենա Բաքվում, որովհետև գիտենք, որ այնտեղ բողոքի ալիքը մեծ է այս առումով, բայց ուզում ենք հայտնել, որ սա նաև իրենց համար է: Մենք խաղաղություն ենք ուզում. դրա համար էլ այցելել ենք Արցախ»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:
Իսկ գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն նշել է, որ ինքը գալիս է մի այնպիսի տարածքից, որտեղ տարիներ շարունակ ցեղասպանություն է եղել՝ հայերի, Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ: «Ես` ինքս, ցեղասպանագետ եմ, իրավապաշտպան և, այստեղ գալով, հանգեցի այն եզրակացությանը, որ ցեղասպանության հարցի և Արցախի հիմնախնդրի միջև ինչ-որ ընդհանուր կապ կա»,- ասել է Ս. Չեքինօղլուն:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին՝ թուրք մտավորականը դիտարկում է անցկացրել՝ նշելով, որ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիան և Ավստրիան, որոնք ժամանակին իրենց մեղքի բաժինն են ունեցել հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների մեջ, պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, սակայն ժամանակակից Թուրքիան շարունակում է այն մերժել, ինչը դժվարացնում է հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: «Կարծում եմ՝ Հայաստանի հետ սահմանը պետք է անվերապահորեն, առանց ուշացնելու բացել, քանի որ թուրքական հասարակության մեծ մասը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը»,- նշել է Ս. Չեքինօղլուն: