Ստեփանակերտի վիքիակումբը հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ նախօրեին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպել է կլոր սեղան, որտեղ ամփոփել են ունեցած հաջողությունները, ինչպես նաև խոսվել է խմբագրման աշխատանքներին ավելի շատ ուսանողներ ու աշակերտներ ընդգրկելու անհրաժեշտության մասին:
Ստեփանակերտի Վիքիակումբը քննարկել է կատարած աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի վիքիակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանը նշել է, որ երկու տարվա ընթացքում խմբագրվել է ավելի քան 1000 հոդված, որոնց գերակշիռ մասը վերաբերում է Արցախին: «Մասնակցել ենք 5 վիքիճամբարի և վերջին ճամբարը հաղթական էր, քանի որ Ստեփանակերտի վիքիակումբ հաճախող պատանիներից Վադիմ Աբրահամյանը հաղթող է ճանաչվել»,- ասել է Ի. Սաֆարյանը:
Հանդիպմանը ներկա «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրել է առցանց հանրագիտարանի կարևորությունը: «Ունենք 13 ակումբ, որից 3-ը Արցախում: Առաջինը բացել ենք Ստեփանակերտում, այնուհետև Հադրութի շրջանի Տող գյուղում և Քարվաճառում»,- ասել է Ս. Մկրտչյանը և ավելացրել, որ այն նպատակ ունի համացանցում Արցախի մասին հավաստի տեղեկատվության ընդլայմանը:
Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունել է Արցախի վիքիակումբի գործունեությունը և նշել, որ ոչ միայն երեխաներ, այլև տարբեր ոլորտի մասնագետներ պետք է ընդգրկել Վիքիպեդիայում նյութեր խմբագրելու աշխատանքում: «Մենք խնդիր ունենք, ոչ հայերեն նյութերի տարածման, որովհետև հայկական վիքիպեդիան էականորեն տարբերվում է անգլերեն տարբերակից: Պետք է եզրեր գտնել ավելի խորացնելու այս համագործակցությունը: Մեր նախարարությունը ունի բավականին ծրագրեր ու այդ շրջանակներում կարող ենք նոր համագործակցություն ձևավորել»,- ասել է Ս. Շահվերդյանը և ավելացրել, որ շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության խնդիրը, որը առկա է նաև Վիքիպեդիայում:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, Ստեփանակերտի վիքիակումբի հովանավոր Տիգրան Ազիզբեկյանը և Ստեփանակերտի վիքիակումբ այցելող սաներ: