ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 1421 գործազուրկ և աշխատանք փնտրող քաղաքացի, որից գործազուրկի կարգավիճակ է ստացել 1364 անձ:
Աշխատանքի և զբաղվածության գործակալությունում պարզել են թափուր աշխատատեղերի հիմնական ոլորտները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանը և հավելել, որ 1364 անձից գերակշիռ մասը՝ 1165-ը, կազմում են կանայք:
«Գրանցված գործազուրկներից մայրաքաղաքում հաշվառվածների թիվը կազմել է 838, Մարտունու շրջանում՝ 145, Մարտակերտի՝ 111, Ասկերանի՝ 88, Շուշիի՝ 70, Քաշաթաղի՝ 57 և Հադրութի՝ 55»,- ասել է Հ. Պետրոսյանը:
Նա նշել է, որ գործակալությունում կան մի շարք գործող ծրագրեր, որոնք օգնում են զբաղվածության խնդրի լուծմանը: Մասնավորապես, անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի վճարում է կատարվում կամ հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցում է տրամադրվում: Կազմակերպվում է ազատման ռիսկ ունեցող աշխատող անձանց համար մասնագիտական ուսուցման դասընթացներ: Գործակալության այլ ծրագրերից է նաև աշխատաշուկայի հետազոտումն ու աշխատանքների կազմակերպումը և աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպումը:
Հ. Պետրոսյանի խոսքով՝ իրականացված ծրագրերի արդյունքում ընթացիկ տարում հաջողվել է աշխատանքի տեղավորել շուրջ 80 հոգու: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ թափուր աշխատատեղերը հիմնականում լինում են սպասարկման ոլորտում, ինչպես նաև առաջարկներ կան շրջաններից՝ հատկապես կրթության և առողջապահության ոլորտներում: