Թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գիրքը 2018 թվականի հունվարին հասանելի կլինի ընթերցողներին:
Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը լույս կտեսնի հունվարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակը հայտնել է, որ այս գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում: «Շատ ոգևորված եմ: Գիրքս լույս կտեսնի 2018 թվականի հունվարին: Երկու նոր գլուխ կա, որը ներառված չէ թուրքերեն՝ Նաիմ էֆենդու հուշագրությունների մասին գրքում: Այստեղ ոչ միայն ներկայացնում եմ նոր փաստաթղթեր, այլև քննարկում եմ «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- հայտնել է Աքչամը: Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915 սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։