«Դասավանդիր Հայաստան» ծրագրով ՀՀ-ից մի խումբ մանկավարժներ գործուղվել են Արցախի դպրոցներ:
«Դասավանդիր Հայաստան» ծրագրով մասնագետներ են գործուղվել Արցախի դպրոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ ծարգրի շրջանակներում ներկայումս ՀՀ-ից ժամանած երկու ուսուցիչ դասավանդում է Քաշաթաղի շրջանի Վաղազին, մեկական՝ Մարտունու շրջանի Նորշեն և Շուշիի շրջանի Եղծահող համայնքներում:
«Այդ ծրագրից բացի, գործում է ԱՀ կառավարության որոշումը՝ մանկավարժին այլ վայր ուղեգրելու մասին, որի համաձայն՝ եթե մանկավարժը իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ գտնվող այլ վայր է տեղափոխվում՝ աշխատելու նպատակով, տրամադրվում է բնակարան, նաև աշխատավարձն է հիսուն տոկոսով ավելի տրվում»,- ասել է փոխնախարարը և ավելացրել, որ, ընդհանուր առմամբ, Արցախում այս ծրագրին մասնակցել է ավելի քան 196 մանկավարժ. ներկայումս աշխատում է 83 ուսուցիչ:
Մ. Համբարձումյանը նշել է, որ Արցախի դպրոցներում հիմնականում բնագիտական առարկաների և օտար լեզվի մասնագետների կարիք կա:
«Կան գյուղեր, որտեղ ստիպված որոշ առարկաների ժամաքանակները հատկացվում են այլ առարկաների մասնագետներին՝ հաշվի առնելով մի կողմից մասնագետների պակասը, մյուս կողմից՝ եղած ժամաքանակի սղությունը»,- ավելացրել է ԿԳՍ փոխնախարարը: