Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Կուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին:
Ավստրիայի վարչապետ. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Կուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:
Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Կուրցը նշել է, որ ԵՄ երկրները իրենք պետք է որոշեն, թե որքան գաղթականի են ուզում ապաստան տալ:
Օրեր առաջ Ավստրիայի վարչապետի պաշտոնում ընտրված 31-ամյա Սեբաստիան Քուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետն է: Նա հայտնի է Թուրքիայի եվրաինտեգրման հարցում իր բացասական դիրքորոշմամբ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Ավստրիայի արտգործնախարարի պաշտոնում եղած ժամանակ: