Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում միայն 2017 թվականին կալանավորվել է 48 հազար 305 մարդ:
Թուրքիայում գյուլենականների դեմ գործով մեկ տարում կալանավորվել է ավելի քան 48 հազար մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, այս տվյալը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նախարարը նշել է, որ գյուլենականների դեմ գործողություններում ձերբակալվածների թիվը կալանավորվածներից երեք անգամ ավելին է: «Միայն այս թվերն անգամ ի ցույց են դնում, թե որքան լուրջ է խնդիրը»,- ասել է նա: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: