Անկարան ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ:
Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Թուրքական զինված ուժերի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար: Anadolu-ի աշխատակիցներն էլ նկարահանել են 5 տանկերով բեռնված բեռնատարների մի խումբ:
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից վերահսկվող Սիրիայի արեւմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ եւ Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն 4.9 հազար բեռնատար եւ մոտ 2 հազար ինքնաթիռ:
Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել էր Վաշինգթոնին YPG-ին տրամադրվող օգնության համար, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամկերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։