«Ուկրաինայի» Նաֆտոգազը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ վճարումներ չկատարելու դեպքում պետք է ձգտի Ռուսաստանի «Գազպրոմի» ակտիվների կալանքին:
Պորոշենկոն «Գազպրոմի» ակտիվների կալանքով է սպառնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները «Ռուսաստանի կողմից ընդունված իրավունքի նորմերին ագրեսիվ անհարգալից դրսեւորում է»: «Մենք շատ մտահոգող տեղեկություն ենք ստացել, որ «Գազպրոմը» սադրիչ հայտարարություններ է անում այն մասին, որ նա չի պատրաստվում իրականացնել Ստոկհոլմի դատարանի որոշումը:
Դատական որոշումների կատարման նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ունի չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական հետեւանքներ: Ինչպե՞ս կարող է Եվրոպան այդ դեպքում հույս դնել գազի այդ մատակարարին վրա»:
«Եթե «Գազպրոմը» չմտքափոխվի եւ չկատարի Արբիտրաժի որոշումը` քաղաքակիրթ կանոնների համաձայն, մենք կօգտագործենք Արբիտրաժային որոշումների կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն բոլոր իրավական գործիքները: Օրենքը, միջազգային իրավունքն այժմ Ուկրաինայի կողմն են, ինչպես եւ Ռուսաստանի Դաշնության հետ այլ հակամարտություններում: Հուսով եմ, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերջապես բուժել է ուկրաինացիներին Ստոկհոլմի սինդրոմից», - ավելացրել է նա:
Պորոշենկոն Արտաքին գործերի նախարարին հանձնարարել է նաեւ գազի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման իրականացման համար Եվրահանձնաժողովի հետ եռակողմ խորհրդատվություններ ձեռնարկել: