Ադրբեջանի իշխանությունները գնացին միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտման՝ գերուն ստիպելով գովերգել իրենց երկիրը։
Բաբայան. Ադրբեջանի իրավիճակի մասին պետք է հարցնել ոչ թե Արսեն Բաղդասարյանին, այլ Իլղար Մամեդովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում օրերս հայտնված տեսանյութը Արցախի գերեւարված բնակիչ Արսեն Բաղդասարյանի մասնակցությամբ։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ նման «դիֆերամբները» ստացվել են կտտանքների եւ բռնության միջոցով։ «Հեռուստացույցով ցուցադրում են Ժնեւի կոնվենցիայի կոպտագույն խախտումը։ Փոխանակ Արսեն Բաղդասարյանին քարոզչական նպատակներով օգտագործեին, Ադրբեջանի իշխանություններն ավելի ճիշտ կանեին իրենց երկրի իրավիճակի մասին հարցնեին Իլղար Մամեդովին»,- նկատել է Դավիթ Բաբայանը եւ հավելել. «Օլիգարխները հարստանում են հասարակ մարդկանց հաշվին, Սաֆարովի պես մարդասպանները ազգային հերոսներ են հռչակվում, իսկ մտավորականությունը լռում է՝ վախենալով բառ անգամ ասել»։
Նշենք, որ Իլղար Մամեդովը ձերբակալվելէ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ. հունվարին անկարգություններ հրահրելու մեղադրանքով, իսկ 2014թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ մամեդովին կալանավորել են առանց ապացույցների, իսկ դատապարտման նպատակն է եղել պատժել կառավարությանը քննադատելու համար։