Թուրքիայում ամբաստանյալի աթոռին է նստած եւ առանց որեւէ հիմնավորման հետապնդվում է քահանա Էնդրյու Բրանսոնը:
ԱՄՆ նախագահը Թուրքիայից պահանջել է ազատել ամերիկացի քահանային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով ամերիկացի քահանային ազատել, ում մեղադրում են 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
«Քահանա Էնդրյու Բրանսոնը, որը կարգին մարդ է եւ ԱՄՆ-ում քրիստոնեական հոգեւորական, Թուրքիայում նստած է ամբաստանյալի աթոռին եւ հետապնդվում է առանց որեւէ հիմնավորման: Նրանք նրան լրտես են անվանում, բայց ավելի շուտ ես եմ լրտես, քան նա: Հույս ունեմ, որ նրան թույլ կտան վերադառնալ իր հոյակապ ընտանիք»,- news.am-ի փոխանցմամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին սկսվել է Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարությունը, ում սպառնում է 35 տարվա բանտարկություն:
Բրանսոնին, որը բանտարկված է 2016-ի դեկտեմբերից, մեղադրում են «ահաբեկչական խմբավորումների հանձնարարությամբ հանցագործությունների կատարման, որոնց անդամ չի հանդիսանում» եւ «լրտեսության» մեջ: Նա ավելի քան մեկ տարի առաջ կալանավորվել է անօրինական քրդական անջատողական խմբավորման եւ մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների հետ կապերի կասկածանքով, ում Թուրքիայում ահաբեկիչ են համարում:
Ինքը Բրանսոնը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային կոչ է արել քահանային ազատել:
Թուրքիան սեպտեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է Բրանսոնին ազատել, եթե ԱՄՆ-ն արտահանձնի Գյուլենին, որը Փենսիլվանիայում կամավոր արտաքսման մեջ է ապրում:
Քահանան ղեկավարել է Էգեյան ծովի ափին Իզմիրի քրստոնեական եկեղեցին: