Այն, որ Ադրբեջանն անցկացնում է զորավարժություններ ու այդ մասին չի տեղեկացնում տարբեր կողմերի, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր գործընկեր երկրներին:
Զորավարժությունների մասին կողմերին չտեղեկացնելը Ադրբեջանի անպատասխանատվության հերթական վկայությունն է. Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Կան ձևաչափեր, որտեղ մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը, օրինակ, ԵԱՀԿ-ն ունի այդպիսի մի քանի ձևաչափ: Այդ նույն փաստաթղթերով, որոնցով նախատեսված է, որ Ադրբեջանը կամ որևէ երկիր, որն իրականացնում է զորավարժություն, պետք է առնվազն որոշ ժամանակահատված առաջ տեղեկացնի մյուս անդամ երկրներին դրա վերաբերյալ, խախտման դեպքում նախատեսված չեն պատժիչ մեխանիզմներ: Դու կարող ես բարձրաձայնել դրա մասին, ասել, որ այսպիսի խնդիր կա, որը մենք անում ենք տարիներ ի վեր, որովհետև Ադրբեջանը բնավորություն է դարձրել լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել առանց դրանց մասին տեղեկացնելու անգամ ԵԱՀԿ համապատասխան փակ համակարգով»,-նշեց ԱԳՆ խոսնակը:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանն արդեն վաղուց միջազգային հարթակում ունի անպատասխանատու երկրի կեսվածք: «Դա Ադրբեջանի միջազգային հարաբերությունների անպատասխանատու լինելու հերթական վկայությունն է: Ամեն դեպքում՝ սա չի նշանակում, որ դրա մասին դադարելու ենք բարձրաձայնել, ավելի մեծ չափով են շարունակելու մեր աշխատանքը»,-վստահեցրեց Բալայանը:
2018թ. հուլիսի 2–6–ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ: Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հաղորդագրության՝ զորավարժություններին կմասնակցեն մոտ 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար: