Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել առցանց հարցազրույցով. մաս երկրորդ

Արցախի պատմության մեջ առաջին անգամ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել առցանց հարցազրույցով` հնարավորություն տալով facebook և twitter սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերին հանդես գալու իրենց հետաքրքրող հարցերով:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել առցանց հարցազրույցով. մաս երկրորդ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել առցանց հարցազրույցով. մաս երկրորդ

Արցախի պատմության մեջ առաջին անգամ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել առցանց հարցազրույցով` հնարավորություն տալով facebook և twitter սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերին հանդես գալու իրենց հետաքրքրող հարցերով: 

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, հարցազրույցի համար նախապես վարչապետի մամլո ծառայության կողմից նշված սոցիալական ցանցերում հարցերը հավաքագրվել են ԼՂՀ կառավարության պաշտոնական էջի միջոցով՝ https://www.facebook.com/NKR.gov?fref=ts, իսկ թվիթերում՝ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով՝ https://twitter.com/A_Beglaryan:

Անդրադառնալով հարց ու պատասխանին` «Արցախպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի գրավոր տարբերակը չնչին կրճատումներով` նշելով նաև հարցի հեղինակների սոցցանցային հաշիվների հղումները` հարազատ մնալով սոցցանցային մշակույթին: Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը այն ներկայացնում ենք երկու մասով՝ բաժանելով քաղաքական և սոցիալ-տնտեսական թեմաների։ 

 

Սոցիալ-տնտեսական ոլորտ

 

Արտակ Բեգլարյան

 https://www.facebook.com/artak.beglaryan 

Նշենք, որ սոցցանցերում Ա. Հարությունյանին ուղղված օգտատերերի հարցերը հնչեցրել է վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը:

 


Կարինա Կարապետյան «Դե Ֆակտո»

 https://www.facebook.com/karina.karapetyan.52  

-Արցախի տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքում, որքան գիտեմ, արդյունաբերության և գյուղատնտեսության հարաբերակցությունը մոտավորապես նույնն է: Հաշվի առնելով, որ Արցախը ագրարային երկիր է և ԼՂՀ Կառավարությունն էլ գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացման առաջնային ճյուղ, կարելի է արդյո՞ք ակնկալել, որ մոտակա տարիներին փոփոխություն կլինի ՀՆԱ-ի կառուցվածքում, և արդյո՞ք այս հարաբերակցությունը համապատասխանում է Արցախի տնտեսության զարգացմանը:

 -Նշեմ, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, բայց մենք հայտարարել ենք, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված, այսինքն տնտեսության ճյուղերը պետք է լինեն հավասարակշռված և բոլոր ուղղություններով  պետք է պետական այնպիսի քաղաքականություն իրականացվի, որպեսզի ապահովվեն տնտեսական բավարար աճի տեմպեր, և ինչպես բազմիցս ենք հայտարարել, այն պետք է կազմի տարեկան միջինը 9-10 տոկոս: Ինչ վերաբերում է առաջիկա տարիների տնտեսության կառուցվածքի փոփոխությանը, իհարկե, տարբեր տարիների ըստ ոլորտների տարբեր են  լինում ցուցանիշները, օրինակ, երբ սկսում են շահագործվել խոշոր արդյունաբերական կամ էներգետիկ համալիրները, կամ եթե գյուղատնտեսական տարին բարենպաստ է լինում, մի փոքր փոխվում է տեսակարար կշիռը, բայց դա չի գերազանցում 2-3 տոկոսը:

Իրականում գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան տնտեսության մյուս ճյուղերում: Եթե էներգետիկայի, հանքարդյունաբերության կամ շինարարության ոլորտներում մեր հնարավորությունները սահմանափակ են` կապված ունեցած պոտենցիալի և ֆինանսական միջոցների հետ, ապա գյուղատնտեսության մեջ այդ հնարավորությունները սահմանափակումներ չունեն, քանի որ ունենք մեծաքանակ տարածքներ` շատ բարենպաստ պայմաններով ծովի մակարդակից 150 - 3700 մետր բարձրություն ունեցող, և համարյա բոլոր տարածքներում կարելի է իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ` այդ թվում հողագործություն, այգեգործություն, անասնապահություն:

 

Արմինե Պետրոսյան

https://twitter.com/PetrosyanArmine

-Պարոն Վարչապետ, որո՞նք են այսօր ԼՂՀ տնտեսական աճի հիմնական խոչընդոտները՝ ի թիվս ճանաչման, և ինչպիսի՞ ուղիներ եք տեսնում դրանց հաղթահարման համար:

-Ընդհանուր առմամբ տեմպերը բարձր են, բայց տնտեսության ավելի ակտիվ զարգացման համար պետք են որակյալ մասնագետներ, որոնք բոլոր ոլորտներում պակասում են, ինչպես նաև անհրաժեշտ են ֆինանսական երկարաժամկետ, արտոնյալ ռեսուրսների ներդրումներ: Այսօր մենք կարողանում ենք օգտվել միայն ՀՀ բանկային համակարգի ունեցած կապիտալից, որը սակայն կարճ և թանկ ռեսուրս է համարվում: Որոշակի ներդրումներ կատարվում են օտարերկրյա ընկերությունների կողմից, բայց պոտենցիալը շատ մեծ է:

 

 Հայկ Ղազարյան

  https://www.facebook.com/haik.ghazaryan.3 

 -Պարոն Վարչապետ, ամռանը Էլեկտրաէներգիայի նոր սակագինը հասցվել է 38 դրամի` ցերեկային ժամերի համար, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամի` համապատասխանաբար 25 եւ 15 դրամ սակագների փոխարեն: Բնակչության համար Կառավարությունը սուբսիդավորեց թանկացումը:  

 -«Ազատություն» ռադիոկայանին ասել էիք. «Իհարկե, բնակչության համար չի թանկանալու, կառավարությունը սուբսիդավորելու է նույն այդ կառուցված հէկ-երից եւ (ավելի վաղ գործող) մեր Սարսանգի հէկ-ից պետական բյուջեում ստացած լրացուցիչ գումարների հաշվին»: 

(Ստացվում է` բնակչության համար սուբսիդավորումը կատարվում է նույն բնակչության հաշվին, այսինքն` կարելի էր այդ գումարը այլ նպատակի համար ծախսել): 
Հետո թանկացման պատճառներն եք նշում. «Երկու պատճառով` նախ այդ հէկ-երի կառուցումը ինվեստորների կողմից համապատասխան վերադարձ է պահանջում, այսինքն մենք պետք է ապահովենք ներդրումների հետգնումը, եւ մենք ընտրել ենք, որ ավելի լավ է բնակչության համար սակագինը ցածր լինի, մեր ստացած եկամուտով պահպանենք նույն գինը, իսկ մնացած սպառողներն էլ, այսպես ասած, սրճարաններ կլինեն, թե այլ սպառողներ, թող վճարեն այն սակագնով, որը շուկայական բաժնին համապատասխան է»
Ի՞նչու է թանկացել էլեկտրաէներգիան: 


 -Նախկինում էլեկտրաէներգիայի 40 տոկոսն էր արտադրվում Արցախում` Սարսանգի ՀԷԿ-ում, իսկ մնացած մասը  ներկրվում էր ՀՀ-ից, որտեղ էլեկտրաէներգիան հիմնականում արտադրում են ջերմաէլեկտրակայանները և ատոմակայանը, որոնց վառելիքը ներմուծվում է: Տարիների ընթացքում ներկրվող վառելիքը պարբերաբար թանկացավ` բարձրացնելով նաև էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Մինչև 2013թ-ի հուլիսի մեկը Արցախը 1ԿՎտ էլեկտրաէներգիան ՀՀ -ից գնում էր  ավելի քան 10.2 դրամով, իսկ անցած տարվա հուլիսի 1-ից մեզ վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ մինչև 7 դրամ:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրում նոր ներդրողներ ներգրավելու համար մենք հայտարարեցինք, որ էլեկտրաէներգիան ՀԷԿ-երից գնելու ենք այն սակագնով, որ գնում ենք ՀՀ-ից, որը ավելացված արժեքի հարկի հետ միասին կազմում է ավելի քան 23 դրամ: Մենք պետք է ապահովեինք նման սակագին, որպեսզի ներդրողները շահագրգռված լինեին Արցախում նման ներդրումներ իրականացնել: Եվ իրականում այն շահագրգռեց հատկապես օտարերկրյա շատ ներդրողների, ովքեր համաձայնվեցին իրենց ֆինանսները Արցախի տնտեսության մեջ ներդնել: Ի դեպ նշեմ, որ Արցախում կառուցվող ՀԷԿ-երում կատարվող ներդրումների 95 տոկոսը օտարերկրյա ներդրումներ են` այդ թվում` ոչ թե մեկ, երկու, այլ հարյուրավոր մարդկանց կողմից:

Ի դեպ, հաճախ մեր ընդդիմախոսների կողմից խոսվում է, որ Արցախում ՀԷԿ-երը կառուցվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նշեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, և ոչ մի պաշտոնյա այդ ՀԷԿ-երում ոչ մի ֆինանսական ներդրում չի իրականացրել՝ չհաշված, որ երբ Արցախհէկի կողմից թողարկվեցին բաժնետոմսերը, բաց բաժանորդագրության ժամանակ խնդրել ենք, որ բոլոր պաշտոնյաները սիմվոլիկ մասնակցություն ունենան` վստահություն հաղորդելու համար: Հայաստանից ևս կան որոշ ներդրողներ, բայց հիմնականում սփյուռքահայ ներդրողներ են:

Եթե հաշվարկելու լինենք էլեկտրաէներգիայի սակագնի ինքնարժեքը, ապա ստացվում է հետևյալը. մոտ 24 դրամով պետությունը արտադրողից գնում է 1 ԿՎտ էլեկտրաէներգիան, սպառողին մատակարարման ժամանակ կորուստները կազմում են ավելի քան 16 տոկոս կամ ևս 3 դրամ, իսկ Արցախէներգոյի պահպանման տարեկան ծախսերը կազմում են նվազագույնը 2.5-3 մլրդ դրամ; Միայն 1 մլրդից ավել ուղղվում է աշխատավարձերին: Այսինքն ևս 8-10 դրամ պետք է գումարենք գնված էլեկտրաէներգիային, որպեսզի կարողանանք ապահովել համակարգի գործունեությունը: Նշեմ, որ այսօր Արցախէներգոյի ֆինանսական ցուցանիշները այդքան էլ լավ չեն` հաշվի առնելով, որ ձեռքբերված և վաճառված հոսանքի գների տարբերությունը չի բավարարում նրանց կատարած ընդհանուր  ծախսերը, և կառավարությունը ստիպված պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը:

Առաջիկայում ևս շարունակելու ենք փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները հայտարարել են, որ չեն տեղավորվում գործող սակագնում, ինչը նշանակում է, որ նրանց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկա տարիներին կրկին թանկանալու է, և եթե դադարեցնենք այս ծրագիրը, նշանակում է, որ պետք է ավելի թանկ էլեկտրաէներգիա գնենք: Իսկ հիդրոկայանների առավելությունը կայանում է նրանում, որ տարիների ընթացքում նրանց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը   է ժանանալու է, քանի որ, երբ հետգնումը ապահովվի, արդեն կարողանալու ենք ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերել և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել` տնտեսության կամ Արցախէներգո ՓԲԸ-ի համար լրացուցիչ արտոնյալ պայմաններ սահմանելով:

Մենք նպատակահարմար ենք գտնում օգնել մեր հայրենակիցներին` այդ կենցաղային անհրաժեշտ ծառայությունների համար ավելի մատչելի էլեկտրաէներգիայի սակագին սահմանելով, իսկ ինչ վերաբերում է արտադրությամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին, պետք է ասեմ, որ նրանք պարտավոր են վճարել այն սակագնով, որը ձևավորվում է մեր տնտեսությունում:

 

Սուրեն Պողոսով

 https://www.facebook.com/spogosov1 

-Ինչու՞ շինհրապարակներում, որտեղ կատարվում է պետպատվերով շինարարություն 3-4 ամսով աշխատավարձերը չեն տրվում: Որտե՞ղ են շրջանառվում այդ խեղճ կոպեկները, որոնք պետք է տրվեին հասարակ բանվորներին:

-Նախ նման երևույթներ չպետք է լինեն, քանի որ դեռևս անցած տարվա վերջին մենք նման ահազանգներ ստացանք, և մեր կողմից շատ խիստ հանձնարարականներ են եղել շինարարական ընկերություններին, որպեսզի աշխատավարձերի ուշացումներ չլինեն: Նշեմ, որ պետական բյուջեով պլանավորած պայմանագրային բոլոր  աշխատանքները ֆինանսավորվել են` առաջին եռամսյակի կտրվածքով: Այսինքն շինարարական կազմակերպությունների նկատմամբ կառավարությունը պայմանագրային պարտավորություններ չունի: Եթե նման դեպքեր կան, կխնդրեի, որպեսզի կոնկրետ նշեն, թե որ ընկերությունն է  ուշացնում աշխատավարձերը, որպեսզի դրա նկատմամբ օրենքի շրջանակներում համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Իհարկե, կան դեպքեր, երբ շինարարներն են պայմանագրային ծավալներից դուրս փորձում ավել աշխատանք կատարել, և արդյունքում ունենում են խնդիրներ: Բայց մենք բազմաթիվ անգամ նրանց զգուշացրել ենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: 

 

 Աիդա Սևլիկյան 

 https://www.facebook.com/aida.sevlikan 

-Հարգելի պրն Վարչապետ, պատերազմի մասնակից եմ, Արցախից մեկ օր էլ չեմ հեռացել, նույնպես իմ քույրերն իրենց ընտանիքներովԻսկ հիմա իմ մտերիմները աշխատանք չունենալու պատճառով Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում, ամուսինս նույնպես, թեկուզ նա Սումգայիթից փախստական է, Հայաստանի քաղաքացի, բայց կռվել ու պատերազմից հետո էլ մնացել է Ղարաբաղում: Առաջին հարցս կլինի հետևյալը, ինչու մեր ամուսիների, որդիների համար աշխատանք չկա, որի պատճառով էլ հեռանում են երկրից: 

 -Նախ ցավում եմ, որ նման երևույթներ կան: Խնդիրը մեզ իսկապես մտահոգում է: Եվ վերջին ամիսներին ևս նման երևույթներ ենք նկատել:  Այս կապակցությամբ կառավարության կողմից ուսումնասիրություններ են արվել, և մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները ավելի շատ նախընտրում են աշխատել ուրիշ տեղ, քան հայրենիքում (հիմնականում բանվորական աշխատանքի մասին է խոսքը): Պետք է նշեմ, որ Արցախում հազարավոր հրավիրված մասնագետներ  են աշխատում, ովքեր ներգրավված են շինարարությունում, հանքաարդյունաբերությունում և գյուղատնտեսությունում:

Իսկ մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի հիմնական պատճառը հիմնականում հոգեբանական խնդիրն է, քանի որ հայրենիքում, այսպես ասած, չեն ցանկանում բանվոր աշխատել: Օբյեկտիվ պատճառ ևս կա, որ նույն աշխատանքի դիմաց օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ավելի շատ են վճարում, ինչը ևս հրապուրում է մարդկանց: Բայց միևնույն ժամանակ  պետք է ասել, որ շատերը հետագայում այդ տարբերությունը զգում են և այդ ավել վաստակածը հարաբերական է, երբ  հաշվում են ծախսերը և հանգում այն եզրակացության, որ ավելի լավ է հայրենիքում վաստակել ամսեկան 150-180 հազար դրամ: Իսկ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում այդպիսին է աշխատավարձը: Դրա համար ընթացիկ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացում ենք նախատեսում, որը բնականաբար կազդի մասնավոր հատվածի աշխատավարձերի բարձրացմանը ևս, ինչպես նաև պլանավորել ենք պետական հատվածի աշխատավարձերի բարձրացում, որն, անշուշտ, ուղղված է ինչ-որ չափով մեղմելու ստեղծված իրավիճակը:

 

 Աիդա Սևլիկյան  https://www.facebook.com/aida.sevlikan 

-Իսկ հիմա երկրորդ հարցս՝ ես աշխատում եմ դպրոցում, որպես սուրդո մանկավարժ: Արդեն չորս տարի է` մեր աշխատավարձների ավելացում չկա, բայց դրան զուգահեռ թանկանում են կոմունալ ծախսերը, մթերքները: Ինչպես ապրել այս գրոշներով: Էլ չեմ խոսում հիփոթեկային վարկերից, բնակարանս վերանորոգելու համար վարկ էի վերցրել (դոլարով), որի մարման համար ես վճարել եմ կրկնակի:

 -Նախ` այդ գումարները չի կարելի գրոշներ ասել, քանի որ այդ գումարները ձևավորվում են մեր հարկատուների կողմից տրվող հարկերից: Շատ ծանր պայմաններում է բյուջեն ձևավորվում, և մեր հայրենակիցները պետք է իմանան, որ պետական բյուջեն հիմնականում ձևավորում են տնտեսական գործունեության արդյունքում:  Ուզում եմ նշել նաև, որ շատ դժվար է աշխատավարձերի բարձրացում կատարել, քանի որ օրինակ մեր երկրում աշխատավարձերը, թոշակները և նպաստները 10 տոկոս բարձրացնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 4 մլրդ դրամ: Իսկ դա ավելի առարկայական պատկերացնելու համար ասեմ, որ, օրինակ, 2013թ-ին մեր երկրի ամենախոշոր հարկատու Բեյզ Մեթլս ընկերության` պետական բյուջե վճարած հարկերը կազմել են մոտ  2 մլրդ դրամ:

Նախագահի նախընտրական և Կառավարության գործունեության ծրագրերով ռազմավարությունն այն է, որ առաջիկա տարիներին մեր եկամուտները կուղղվեն սոցիալական նշանակության ծրագրերին, այսինքն` կծառայեն աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացմանը:

Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ մեր տնտեսության զարգացումը մեծապես պայմանավորված է նաև մեր հայրենակիցների աշխատանքով: Եթե նրանք աշխատեն Արցախում, մշակեն մեր հողերը, ոչ թե արտագնա աշխատանք փնտրեն` հարստացնելով օտար երկրների տնտեսությունները, մենք շատ ավելի արագ կկարողանանք լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները:

Ինչ վերաբերում է հիփոթեկային վարկերին, ուզում եմ նշել, որ նախ պետք է գիտակցենք, որ այդ գումարները ոչ թե տրամադրվում են  պետության կողմից, այլ վարկավորումը իրականացնում են բանկերը, որոնց ներգրավված միջոցները արտարժույթով են, որոնք տրամադրվում են օտարերկրյա ներդրողների կողմից բնականաբար շահույթի ակնկալիքով: Կառավարության միջամտությունը այս ծրագրին եղել է  այնքանով, որ, սուբսիդավորելով բանկերի կողմից առաջարկվող տոկոսները (քանի որ դրանք շատ բարձր են), կառավարությունը մեր քաղաքացիների համար փորձել է ստեղծել ավելի մատչելի պայմաններով վարկեր ստանալու հնարավորություն:

 

 Վարդուհի Գրիգորյան

https://www.facebook.com/aram.xachaturyan.56

-Հարգելի պրն Վարչապետ, ես ԱրՊՀ 3-րդ կուրսի ասպիրանտ եմ, և իմ ատենախոսության թեման է Կառավարչական հաշվառումը ԼՂՀ-ում: Ինչպես գիտենք, «կառավարչական հաշվառումը միջին և խոշոր տնտեսվարող կազամակերպությունների հաշվապահական հաշվառման կարևոր օղակներից է: ԼՂՀ»-ում համակարգչային հաշվապահական հաշվառման ծրագրերի ներդրումով` առանձնապես խոշոր կազմակերպություններում (ինչպիսիք են «Բեյզ Մեթլզ» ՓԲԸ-ն, «Արցախհէկ» ՓԲԸ-ն, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն) կառավարչական հաշվառումը վերագտել է իր տեղն ու նշանակությունը: Ուսումնասիրելով թեման եկա այն եզրակացության, որ երկրում պետք է բացառել մենաշնորհները, հաշվապահական հաշվառման տեսության մեջ և կազմակերպություններում տարանջատել ֆինանսական, հարկային և կառավարչական ենթահամակարգերը: Ուստի հարց է ծագում` ինչո՞ ւ վերջինիս կիրառումը ԼՂՀ-ում օրենքի ուժ չի ստանում և կստանա՞  արդյոք:

 -Նախ ողջունում եմ, որ նման թեմա եք ընտրել ատենախոսության համար: Առաջարկում եմ առանձին հանդիպում, և խոստանում եմ, որ այդ  առաջարկությունները հաշվի կառնենք և անհրաժեշտության դեպքում կյանքի կկոչենք:


  Թամարա Գրիգորյան

https://www.facebook.com/tamara.grigoryan.35 

-Ի ուրախություն բոլորիս արդեն սկսվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Ճանապարհն անցնում է Շահումյանի շրջանի մի շարք համայնքներով, բայց չի հասնում շրջկենտրոն Քարվաճառ: Հարգելի պարոն վարչապետ, ինքս Քարվաճառի բնակիչ եմ, եւ հարցս հետեւյալն է. կա՞ արդյոք որեւէ նախագիծ խաչմերուկից մինչեւ Քարվաճառ եկող մոտավորապես 20կմ ճանապարհը եւս ասֆալտապատելու համար:

-Ընդամենը երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ հնարավոր է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը վերակառուցել և ասֆալտապատել: Եվ համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, որ այդ ճանապարահատվածը ևս կասֆալտապատվի, հատկապես հաշվի առնելով այդ շրջկենտրոնի նշանակությունը: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում չկան, բայց կարծում եմ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի վերակառուցումից հետո մի քանի տարվա ընթացքում պետական բյուջեում կգտնվեն միջոցներ այդ ծրագիրը ևս կյանքի կոչելու համար:

 

 Էդգար Թաթիկյան

  https://www.facebook.com/edgargohar.tatikyan 

-Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ու կինս Երևանում ստանալով մասնագիտական բարձրագույն կրթություն (երկուսս էլ ունենք մագիստրոսի աստիճան) մեր նախաձեռնությամբ տեղափոխվել ենք Արցախ և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ վարձով ապրում ենք Ստեփանակերտում և աշխատում ենք Վ. Փափազյանի անվան պետ. դրամ. թատրոնում, որպես ռեժիսորներ:Որոշել ենք հիմնական բնակություն հաստատել Արցախում:Լսել ենք Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Շուշիիում կառուցվող բնակարանների մասին, սակայն, ըստ կարգի, մենք չենք կարող ձեռք բերել այդ բնակարաններից, քանի որ չունենք ԼՂՀ գրանցում:Կարող ենք արդյոք այս հարցում ակնկալել Ձեր աջակցությունը:    
(Աջակցություն ասելով նկատի չունենք ֆինանսական օգնություն, այլ գրանցման հետ կապված խնդրի լուծում:) Նախապես շնորհակալություն:

 -Որպես Արցախի Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` նման լիազորություններ ունեմ աջակցելու և անպայման այն կցուցաբերվի` պայմանով, որ բնակարանը ձեռք բերելուց հետո պետք է պարտադիր գրանցվեք` փոխելով հաշվառումը:

 

Կրթական ոլորտ

Գոհար Սահակյան

  https://www.facebook.com/gohar.sahakyan.77 

-Հարգելի պրն Վարչապետ՝ ԼՂՀ կառավարությունը ամեն տարի լավագույն ուսանողների համար հնարավորություն է ընձեռնում պետպատվերի շրջանակներում ուսումը շարունակելու ՀՀ ԲՈՒՀ-երում:Արդյո՞ք պետությունը այդ ուսանողների ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներով չի զբաղվում: Շնորհակալություն:

 -Պայմանագրային այդպիսի պարտավորություններ չկան, բայց եթե կոնկրետ առաջարկություն լինի, մենք պատրաստ ենք քննարկել և կփորձենք հնարավորության սահմաններում  աջակցել:


Նանար Մաղաքելյան

 https://www.facebook.com/nanar.maghakelyan

 -Պարոն Վարչապետ, Ձեզ հարց է ուղղում տան տնտեսուհի, բազմաերեխատեր մայր: Թույլ տվեք տեղեկացնել, որ ավագ որդիս՝ Պետական համալսարանի ուսանող, զինծառայությունը ավարտելուց հետո ստիպված էր ուսումը շարունակել ոչ այն ֆակուլտետում, որտեղ սովորում էր, քանի որ կատարվել են մի շարք փոփոխություններ ,ինչպես նաև առանց տեղեկացնելու բարձրացրել են ուսման վարձը՝ նախկին 400 000դրամի փոխարեն 450 000դր: Հարց է ծագում, ինչքանո՞վ է դա օրինական: Ինչու՞ գոյություն չունի պարզ, թափանցիկ օրենք, տվյալ պահին ուսանողների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր իրավունքները:

 -Շնորհակալություն կարևոր հարցի համար: Իրականում տրամաբանությունը հուշում է, որ ընդունվելու ժամանակ ուսանողի հետ պետք է պայմանագիր կնքվի և մինչև ուսման ավարտը կամ որևէ փոփոխություն չպետք է լինի, կամ այն պետք է ամրագրել իրավական  դրույթներով: Որպես Արցախի Պետական համալսարանի խորհրդի նախագահ` կփորձեմ կարգավորել այդ հարցերը, որպեսզի նման խնդիրներ հետագայում թույլ չտրվեն:

 

Հարցազրույցի տեսանյութը`

https://www.youtube.com/watch?v=6FrogD6Bbnw



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search