Artsakhpress

Հասարակական

Ուղտասարը նորակառույց դպրոց ունի. կլուծվի նաև ջրամատակարարման հարցը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Ուղտասարը նորակառույց դպրոց ունի. կլուծվի նաև ջրամատակարարման հարցը

Ուղտասարը նորակառույց դպրոց ունի. կլուծվի նաև ջրամատակարարման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասել է, որ, խորհրդանշական է երկրորդ անգամ գործադիր տնօրենի պաշտոնում գալ Արցախ և կրկին ներկա գտնվել կրթօջախի բացման արարողության:
«Շնորհակալություն եմ հայտնում Տորոնտոյի տեղական մարմնին և ԱՀ կառավարությանը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Կարծում եմ՝ Տորոնտոյի մեր գործընկերները ունեն մարդակենտրոն սկզբունք, քանի որ մեկ մարդու մասին մտածելու իրենց գաղափարախոսությունը բերել է նրան, որ տարբերություն չեն դրել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև: Տորոնտոյի համայնքի համերաշխության շնորհիվ է, որ այսօր ունենք նորակառույց դպրոց: Կատարված աշխատանքները գնահատում եմ բարձր: Այս ընթացքում շինարարները հասցրել են բարեկարգել նաև տարածքը»,- ավելացրել է Հ. Արշամյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանն էլ նշել է, որ իր համար մեծ ուրախություն և պատիվ է ներկա գտնվել հերթական կրթօջախի բացման արարողությանը:
«2016 թվականի մայիսին, երբ առաջին անգամ այցելեցի Ուղտասար, եկել էի տեսնելու համայնքային կենտրոնի շենքը և նորը կառուցելու գաղափարի մասին հայտնելու: Սակայն, տեսնելով դպրոցի անմխիթար վիճակը, մենք որոշեցինք կառուցել նոր դպրոց: Այսօր դպրոցականներին իր ողջույնն է ուղարկել Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Մելքոնյանը, ով ցանկություն է հայտնել, որ Ավոյի անունը կրող դպրոցում նրա նվիրումն ու ոգևորությունը ուղեկցի բոլորին: Շուտով նա ևս կայցելի այստեղ»,- մանրամասնել է Մ. Մկրտիչյանը:
Ի դեպ բարերարը նշել է նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը դպրոցի բոլոր երեխաների համար ուղարկել է գրենական պիտույքներով լի պայուսակներ:
Բացի դրանից, Մ. Մկրտիչյանը հայտնել է, որ Ուղտասար գալու է նորից, այս անգամ լուծելու ջրամատակարարման հարցը:
«Համայնքում պետք է լուծվի նաև ջրամատակարարման խնդիրը: Մոտ երկու շաբաթ առաջ Տորոնտոյում կազմակերպված բարեգործական ընթրիքին մեր կողմից քննարկվել է այդ հարցը, և առաջիկայում կսկսվեն նախագծային աշխատանքները»,- մանրամասնել է Մ. Մկրտիչյանը:
Համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանի կողմից Ուղտասար համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայրենանվեր գործունեության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին է շնորհվել Ուղտասարի պատվավոր քաղաքացու կոչումը, իսկ դպրոցի հարակից տարածքից անհատույց սեփականության իրավունքով նվիրվել 4000 մետր հողատարածք:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ այս ուսումնական տարում Արցախում բացվել է երրորդ դպրոցը, որից երկուսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
«Այդ շարքի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի Ուղտասարի միջնակարգ դպրոցը, քանի որ այն կոչված է ամրացնելու Արցախի սահմանը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Տորոնտոյի տեղական մարմնին և մեզ համար հարազատ դարձած Մկտիչ Մկրտիչյանին, ով բոլոր այս տարիներին եղել է մեր կողքին և անում է հնարավորը, որպեսզի օր առաջ թեթևացնի Արցախի հոգսերը:
Մեր մեծ զորավարի ծննդյան տոնին ընդառաջ ավելի արժանապատիվ նվեր չէր կարող լինել, քան դպրոցը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելը: Այսուհետ այս դպրոցում հայ մանուկները պետք է սովորեն հայոց այբուբենը, հայրենասիրության դասերն առնեն սիրելի Ավոյի խիստ ու բարի հայացքի ներքո»,- նշել է Ն. Աղաբալյանը:
Իսկ դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանն էլ ասել է, որ 2002 թվականի սեպտեմբերի 1-ից գործող կրթական հաստատությունում սովորում է 39 աշակերտ:
«Այսօր հպարտ ենք, որ Արցախի և Սփյուռքի բարեկամության արդյունքում ունենք հարմարավետ ու գեղեցիկ կրթօջախ: Մենք՝ ուղտասարցիներս, հավաստիացնում ենք, որ անմասն չենք մնալու ավելի հզոր ու զարգացած Արցախ կերտելու վեհ գաղափարից: 
Համոզված ենք, որ հենց այս դպրոցից են նաև ուսում առած կյանք մտնելու բազում Ավոներ: Նրանք մասն են կազմելու այն հոծ հայրենասերների բազմությանը, ովքեր պայքարելու են քանի դեռ հայը պահանջատեր է, քանի դեռ եռագույնը չի ծածանվում Շահումյանում, Նախիջևանում, Վանում»,- ավելացրել է Վ. Հակոբջանյանը:
Այնուհետև դպրոցականները հանդես են եկել ասմունքով և երաժշտական կատարումներով:
Հանդիսավոր բացմանը դպրոցում տեղի է ունեցել նաև օրհնության արարողություն:
 
Միջոցառմանը ներկա էին ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search