Artsakhpress

Տնտեսական

Կարեկին Օդաբաշյան. «Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում են և ձևավորում ինքնակատարելագործման սպասումներ»

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը 2002 թվականից զարգացնում է հեռահաղորդակցությունը Արցախի Հանրապետությունում՝ իրականացնելով բազմաբնույթ ծրագրեր ինչպես կապի և հաղորդակցության ոլորտում, այնպես էլ սոցիալական աջակցության շրջանակներում:

Կարեկին Օդաբաշյան. «Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում են և ձևավորում ինքնակատարելագործման սպասումներ»

Կարեկին Օդաբաշյան. «Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում են և ձևավորում ինքնակատարելագործման սպասումներ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Արցախպրես-ը զրուցել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ ընկերության կատարած աշխատանքների, արձանագրած ձեռքբերումների և ապագա ծրագրերի շուրջ: 

   -Պարոն Օդաբաշյան, 2014թ.-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ը գլխավորել է Արցախի խոշոր հարկ վճարողների ցուցակը, ինչը, կարծում եմ՝ մեծ պատիվ է ցանկացած ընկերության համար: Կարելի՞ է արդյոք  ենթադրել, որ հեռահաղորդակցության ոլորտը մեր հանրապետությունում իսկապես լուրջ զարգացում է ապրել:

  -Գիտեք՝ կապի և հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ անմիջականորեն և թերևս մշտապես առնչվում է բաժանորդին: Հետևաբար, ընկալումները և գնահատականները հիմնականում ձևավորում են հենց բաժանորդները:

Մենք միայն աշխատում ենք՝ մեր հիմնական առաքելությունը մեր առջևում պահած. այն է՝ զարգացնել, ընդլայնել և արդիականացնել հեռահաղորդակցության ոլորտը ԼՂՀ-ում:

Եվ հպարտությամբ կարող եմ փաստել, որ չնայած Լեռնային Ղարաբաղի բարդ աշխարհագրական դիրքին՝ մենք արդյունավետորեն ապահովում ենք բջջային և համացանցային ծածկույթը հանրապետության գրեթե ողջ տարածքում:

  -Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

  - Ծառայությունների ոլորտը բնույթով չափազանց շարժունակ է, ինչը պահանջում է անընդհատ մշտադիտարկում և վերանայում: Իսկ քանի որ, ինչպես նշեցի, այդ ծառայությունների իրական հասցեատերը բաժանորդն է, ուրեմն, գործը նաև պահանջում է անընդհատ կատարելագործում և որակի բարելավում:

Այս համատեքստում մեր աշխատանքները կարելի է բաժանել երկու հիմնական մակարդակների՝ ներքին և արտաքին, որոնք անհրաժեշտաբար փոխլրացված են: Դրանք ենթադրում են ինչպես ներկազմակերպական աշխատանքների, ծառայությունների մատուցման կատարողականի շարունակական բարելավում, այնպես էլ կառուցվածքային կոնսոլիդացման և ենթակառուցվածքային արդիականացման տարբեր միջոցառումներ:

Այս առումով, բարելավում ենք ծառայությունների որակը՝ ոչ միայն ըստ իրավիճակի, այսինքն բաժանորդի հարաճուն պահանջմունքների բավարարման տեսանկյունից, այլ նաև նախաձեռնողական կերպով ձևավորում ենք ավելի լավ ծառայությունների ստացման մշակույթը:

Կենսունակ են այն ընկերությունները, որոնք մշտապես ինքնակատարելագործվում են և ձևավորում են ինքնակատարելագործման սպասումներ:

  -Իսկ ծառայությունների ապահովման ուղղությամբ «Ղարաբաղ Տելեկոմը»-ի կողմից ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում և ո՞ր ոլորտներում։

 -Մենք մեծապես կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները՝ ապահովելով նորարարական և մշտապես թարմացվող ծառայություններ մեր բաժանորդների համար:

Ըստ այդմ՝ նոր ծառայություններ նախաձեռնվում են բոլոր՝ բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայության, այդ թվում՝ օպտիկամանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության (Wi-Fi), ինչպես նաև շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) արվեստագիտության ապահովման ուղղություններով:

Հատկապես ուշագրավ է առաջիկայում շարժական սպասարկման կենտրոնների գործարկումը, ինչն առավել դյուրին կդարձնի հեռավոր գյուղերի բնակիչների հասանելիությունը ընկերության կողմից մատուցվող ծառայություններին՝ էական ճկունություն հաղորդելով «Ղարաբաղ Տելեկոմ» - բաժանորդ փոխհարաբերություններին:

Այս և մյուս այլ նախաձեռնությունների կապակցությամբ լրացուցիչ հանրային հաղորդակցություն, անշուշտ, կապահովվի:

 -Եթե ընդհանրացնելու լինենք, Արցախի տարածքի քանի՞ տոկոսն է ապահովված  համացացանցով և բջջային հեռախոսակապով: Եվ ապա՝  նախատեսվու՞մ է արդյոք ընդլայնել համապատասխան ծառայությունների ապահովումը:

  -Հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է նվազագույնը երկրորդ սերնդի (2G) բջջային ցանցով, ինչի արդյունքում բնակչությունը կարող է օգտվել որակյալ բջջային հեռախոսակապից և այլ շարժական համացանցի հնարավորություններից (skype, viber, email ևն): Ավելին, հանրապետության բոլոր քաղաքներն ապահովված են երրորդ սերնդի (3G) ավելի արագ շարժական համացանցի հնարավորությամբ:

Այսպիսով, հանրապետության 141 գյուղեր և քաղաքներ, այլ կերպ ասած՝ հանրապետության բնակչության շուրջ 98 տոկոսը, հնարավորություն ունի՝ օգտվելու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից տրամադրված համացանցային կապից:

Այս ուղղությամբ հատկանշական ձեռքբերում էր նախորդ տարի Շուշիում օպտիկամանրաթելային կապի ապահովումը, ըստ որի արդիականացվել և անհամեմատ ավելի արդյունավետ է դարձել համացանցային ծառայությունների ապահովումը:

Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օպտիկամանրաթելային կապով ամրապնդվել է Արցախի հեռահաղորդակցային ցանցի «ողնաշարը»՝ կապելով Ստեփանակերտը Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի և Մարտունու հետ:

Ինչպես ցանցային ապահովման աշխատանքները, այնպես էլ միջքաղաքային և միջգյուղային ճանապարհների բջջային ծածկույթի բարելավման աշխատանքները բնականոն կերպով շարունակվելու են ընթացիկ տարում:

Նախատեսում ենք հայկական մեր երկու հանրապետություններն իրար կապող երկրորդ մայրուղու՝ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի, բջջային կապի ապահովումն ամբողջացնել: Ըստ այդմ՝ կիրականացվեն ինչպես ծածկույթի ստեղծման, այնպես էլ առկա կայանների արդիականացման միջոցառումներ: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում ռազմավարական նշանակության այս կարևորագույն ձեռնարկումին:Համոզված ենք, որ մեր կողմից հեռահաղորդակցային ցանցի ապահովումը կխթանի ճանապարհներին հարակից շրջանների բազմաբնույթ զարգացմանը՝ ապահովելով աճ սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:

  -Պարոն Օդաբաշյան, հաճախ են քննադատում, որ Արցախը և Հայաստանը մեկ հայրենիք են, և ճիշտ չէ, որ ՀՀ բջջային կապի օպերատորների բաժանորդները Արցախում պետք է անպայման օգտվեն ռոումինգ ծառայությունից, և հակառակը: Հետաքրքիր է լսել Ձեր պարզաբանումը. Ինչու՞  ռոումինգ. չէ՞ որ Արցախը և Հայաստանը մեկ հայրենիք են:

 -Անշուշտ, մեկ հայրենիք են, բայց երկու անկախ պետություններ են: Իմ կարծիքով՝ հայ ազգի նորագույն պատմության ամենակարևոր ձեռքբերումը հենց մեր երկրորդ անկախ հայկական պետության ստեղծումն է: Եվ մենք հպարտանում ենք այդ նվիրական ձեռքբերումով:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություններ են, ապա, ըստ միջազգային բջջային կապի ասոցիացիայի պահանջների և թույլտվության պայմանների, մի տարածքում գործող օպերատորներից օգտվող բաժանորդները մեկ այլ տարածքում շարունակում են կապի մեջ մնալ միայն միջազգային ռոումինգ կապի միջոցով: Սրանք հաստատուն կանոններ են միջազգային հեռահաղորդակցության համակարգում: Ուստի, ներկայումս ռոումինգը հնարավոր չէ վերացնել:

Այդուամենայնիվ, մենք մշտապես աշխատել ենք ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Շուրջ երկու տարի առաջ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև բանակցությունների արդյունքում հաստատվեց ռոումինգի 45 ՀՀ դրամ/րոպե սակագինը (ներառյալ ԱԱՀ):

Այդուհետև, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նախաձեռնությամբ «ԱրմենՏել»-ի հետ բանակցություններ սկսվեցին՝ նպատակ ունենալով ապահովել ռոումինգի ծառայությունների նույն պայմանները, որ գործում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում:

Երկու տարի տևած բանակցությունների արդյունքում, փաստորեն, այս տարվա հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմը»-ի բաժանորդները ՀՀ տարածքում (նախկին 232 (հետվճարային) և 235 (կանխավճարային) ՀՀ դրամ/րոպե սակագների փոխարեն), իսկ «ԱրմենՏել»-ի բաժանորդները ԼՂՀ տարածքում խոսում են 45 ՀՀ դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ):

Մենք, ՀՀ մեր գործընկերների հետ համատեղ, մշտապես դիտարկում ենք ռոումինգի սակագները վերանայման հնարավորությամբ:

  - «Ղարաբաղ Տելեկոմ»-ն ամեն տարի իրականացնում է բարեգործական մեծ ծրագրեր: Հետաքրքիր է՝ այս տարի այդ ավանդույթը կշարունակվի՞, և ի՞նչ ծրագրեր ունեք այդ ուղղությամբ: 

  -Ինչպես գիտեք, «Ղարաբաղ Տելեկոմ»-ն իր ստեղծման օրվանից՝ արդեն 13 տարի շարունակ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության գործունեության գերակա ուղղություններից է: Որոշ ծրագրեր իրականացվում են պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Միայն նախորդ տարվա ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերել տարբեր ոլորտներին, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, եկեղեցաշինությունը, ուժային կառույցների համակարգը, ինչպես նաև «Արցախի ազգային վիճակախաղին» և այլ նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել Արցախի վերաբնակեցումը:

Մենք պարբերաբար թիրախավորում ենք այն ոլորտները, որոնք առավել կարիք ունեն աջակցության և համապատասխանաբար արձագանքում ենք: Ուստի, նման նախաձեռնությունները, անկասկած, շարունակվելու են նաև այսուհետ՝ նոր թափով և առավել ընդգրկուն կերպով:

 

Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search