Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված նկարչական ցուցահանդեսը:
Ստեփանակերտում բացվել է նկարչական ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը:
«Այսօր յուրահատուկ օր է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որը տոնում է հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Մեծն Թումանյանի 150-ամյա հոբելյանը: Կենտրոնի գրեթե բոլոր խմբակներում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված հանճարեղ գրողի հոբելյանին: Այսօր կարելի է ասել ամփոփիչ միջոցառումն է՝ բեմադրության և ցուցահանդեսի տեսքով: Ցուցահանդեսին մասնակցել են կենտրոնի 242 սան: Քանզի տարին թումանյանական է, ուստի ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ: Ես ցանկանում եմ շնորհավորել ցուցահանդեսին մասնակից պատանի նկարիչներին և շնորհակալություն հայտնել խմբակավարներին, ովքեր կատարում են մեծ աշխատանք՝ զարգացնելով մեր սաներին և կերտելով Արցախի ապագան»,-մասնավորապես ասել է նա:
Այնուհետև կենտրոնի սաների կողմից բեմադրվել է «Բարեկենդանը» ներկայացումը: