Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Արցախի հզորացման գործում. Հակոբ Ճաղարյան
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը:
Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Արցախի հզորացման գործում. Հակոբ Ճաղարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարգևատրման արարողությունից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության գործում ինքն իր պարտավորությունները ստացել է դեռևս 1988 թվականին, որպես օդանավի հրամանատար:
«Ինչպես «Էրեբունի» օդանավակայանի մյուս օդաչուները, այնպես էլ ես այդ տարիներին օրը մի քանի թռիչք էինք իրականացնում դեպի Ստեփանակերտ: Այդ ժամանակներից սկսած ես ևս աշխատանքներ էի իրականացնում Արցախի սահմաններն ավելի ուժեղացնելու, հսկելի դարձնելու համար: Իմ ընտանիքը վերջին 20 տարիների ընթացքում Արցախի համար իրականացրել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ վերանորոգել ենք Բերձորի արվեստի դպրոցը, կառուցել պատկերասրահ և այլն: Իսկ 2016 թվականին մենք շարունակեցինք մեր հայրենանվեր պարտականությունները: Մենք՝ պարգևատրվածներս, մեծ ուրախությամբ մեր պարգևները կփոխանցենք N զորամասի հրամանատարին կամ կարիքավոր որևէ ընտանիքի` կենցաղային հոգսերը թեթևացնելու համար: Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Արցախի հզորացման գործում»,-մասնավորապես ասել է Հ. Ճաղարյանը:
Արտակ Չիբուխչյանն էլ ասել է, որ իր և իր ընկերների համար մեծ հպարտություն և ուրախություն է, որ իրենց աշխատանքը գնահատվել է ԱՀ իշխանությունների կողմից:
«Կցանկանայի նշել, որ բանակին ցուցաբերած աջակցության գործում մեծ ավանդ ունի գնդապետ Կարեն Ջալալյանը, ով իր զինվորներին ընդունում և սիրում է իր հարազատ երեխաների պես: Զորացրվելուց հետո մենք Կ. Ջալալյանին Ենոքավանում տուն կտրամադրենք»,-ավելացրել է Ա. Չիբուխչյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: