ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին:
ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի եզրակացություններով. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:
Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները` Սեյրան Օհանյանն հավելել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:
Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին: