Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել Հ. Քուշկյանն ու Արցախի թեմի առաջնորդը: Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին:
Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակից: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:
Ա. Հարությունյանն այցելել է նաև Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ և ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին: Վերջում, բարերարների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով: