Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի հովանավորությամբ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիտասարդական բաժնի կազմակերպությամբ «Կիլիկիա» թանգարանի «Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ «Ցեղասպանությունների ճանաչում և կանխարգելում» թեմայով երիտասարդական մեկօրյա համագումար, որին մասնակցել են հայկական և օտար երիտասարդական ու եկեղեցական միությունների ներկայացուցիչները:
«Կիլիկիա» թանգարանում տեղի է ունեցել ցեղասպանությունների վերաբերյալ երիտասարդական մեկօրյա համագումար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համագումարի բացումը կատարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Ողջունելուց հետո Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համագումարում ընդհանուր ակնարկ է արվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորության մասին: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ 100-րդ տարելիցի իմաստն ու նպատակը երեք բառերի մեջ են խտացված՝ հիշել, հիշեցնել ու պահանջել:
«Հայոց ցեղասպանությունը կրոնական նկարագիր չունի, այն պատմական իրողություն է, և, հետևաբար, Թուրքիան չի կարող ուրանալ: Նոր ցեղասպանությունները կանխարգելը ենթադրում է անցյալի ցեղասպանությունների դատապարտում»,- նշել է Վեհափառ Հայրապետը:
Համագումարը շարունակվել է հաջորդական երեք նիստով, որոնց ընթացքում ներկայացված զեկույցներից են «Հայոց ցեղասանության 100-ամյա պայքարը», «Ցեղասպանության կանխամտածված բնությունը», «Հայկական հարցը և միջազգային օրենքը», «Երիտասարդության դերը ցեղասպանության ճանաչման ու հատուցման մեջ» և այլն: