ԱՄՆ-ում 2016 թվականի սկզբից ֆոնդային բորսայի փլուզումը սպասելի էր:
ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի փլուզումը հայ տնտեսագետի համար սպասելի էր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, ֆոնդային բորսայի ինդեքսներն այս ամբողջ ժամանակահատվածում աճել են, և հիմա ինչ-որ առումով ֆոնդային շուկան գալիս է այն իրական տեսքին, որը պետք է լիներ: «Ֆոնդային շուկայի աճի միտումները տնտեսական աճի միտումներից շատ ավելի առաջ են ընկնում: Դա երկար ժամանակ տևել չի կարող: Եթե միայն աճ է գրանցում, ապա հասունանում է այն պահը, որ դա ֆինանսական փուչիկի է վերածվում: Հետևաբար, ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի փլուզումը սպասելի էր, սա հնարավորություն է տալիս, որ բաժնետոմսերը ռեալ արժեքով արտահայտվեն, այլ ոչ թե շատ ավելի մեծ գումարով»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով արժութային շուկայում առկա փոփոխություններին` տնտեսագետը նշեց, որ դա կապված է ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի կողմից 0,25 տոկոսով տոկոսադրույքների բարձրացմամբ, որը տեղի ունեցավ դեկտեմբերին: «Դրանից բացի, արժույթների տատանման վրա իր ազդեցությունն ունեն նաև նավթի ցածր գները: Ահա այդ գործոնները նպաստում են հիմնականում զարգացող երկրների արժույթների արժեզրկմանը: Ինչ վերաբերում է ֆոնդային բորսայում առկա փոփոխություններին, ապա դա միայն ԱՄՆ-ի հետ կապված չէ: Ազդեցություն ունեն նաև չինական շուկայում տեղի ունեցած երևույթները: Պետք է դիտարկել, որ օր առաջ էլ չինական բորսայում են անկման երևույթներ նկատվում, որը նաև ազդել է ամերիկայի շուկայի վրա»,-հավելեց տնտեսագետը:
ԱՄՆ- ում 2016 թվականի սկզբից ֆոնդային շուկայի ամենալուրջ փլուզումն Է արձանագրվել 119 տարվա ընթացքում: Դա խոշոր գործարարներից շատերին, մասնավորապես Ջորջ Սորոսին, ստիպել Է զգուշանալ 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամի կրկնվելուց:
Չինաստանի ֆոնդային բորսայում նույնպես անկման միտումներ են նկատվում: Ներդրողների շրջանում խուճապային տրամադրությունների պատճառ Է դարձել Կենտրոնական բանկի կողմից չինական արժույթի պաշտոնական փոխարժեքի իջեցումը անցյալ տարվա օգոստոսից ի վեր մինչեւ նվազագույն արժեք՝ մեկ դոլարի դիմաց 6,5646 յուան: