Բրյուսելում գտնվող Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) change.org կայքում խնդրագիր է ուղղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ «Ո՛չ ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և կողմնակալությանը» վերնագրով։
Ո՛չ ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը. Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով խնդրագիր է ուղղել ԵԽԽՎ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խնդրագիրն արդեն ստորագրել է 2.165 մարդ՝ պահանջվող 2.500-ից:
Ինչպես նշվում է խնդրագրի տեքստում՝ ԵԽԽՎ-ն պետք է 2016 թվականի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» նախագծերի։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ հակամարտություն է, որի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Դժբախտաբար այս որոշումների նախագծերը նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ատելությամբ լի պատերազմական հռետորանաբանությանը և խթանում են կողմնակալությունը: Երկու որոշումների նախագծերն ակնհայտորեն զուրկ են ամբողջական, անկողմնակալ հետազոտությունից և ընտրողաբար բաց են թողնում կարևոր փաստերը և վնասում են բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում:
Ֆեդերացիան բողոքում է այս երկու որոշումների նախագծերի դեմ, որոնք կապ չունեն «հակամարտության իրական կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացի հետ և խթանում են ԵԽԽՎ-ի անդամների թաքնված անձնական և ֆինանսական շահերը»։
Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպություն է։