Մակեդոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի վարչապետ Նիկոլա Գրուեւսկիի հրաժարականը եւ խորհրդարանը ցրելու որոշում կայացրել, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին:
Մակեդոնիայի խորհրդարանը քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս որոշման մասին հայտարարվել է հունվարի 18-ի երեկոյան Սկոպյեում խորհրդարանի նիստից հետո:
«Իշխող կուսակցությունը եւ էթնիկ ալբանացիների կուսակցությունը գրավոր հայտարարություն են ներկայացրել՝ պահանջելով ցրել խորհրդարանը: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 60 օր անց՝ ապրիլի 24-ին»,-հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով a1on.mk հեռուստաալիքը:
Խորհրդարանի նիստին ներկա 109 պատգամավորներից այդ որոշման օգտին քվեարկել են 72-ը, դեմ է եղել մեկ պատգամավոր, եւս 6-ը ձեռնպահ են մնացել: Ընդդիմադիր Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցության 30 պատգամավորները քվեարկության ժամանակ լքել են դահլիճը: