Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկված երկու հակահայկական բանաձևերը յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ հեղինակավոր կառույցի համար:
ԵԽԽՎ-ում քննարկված հակահայկական զեկույցների նպատակը ԵԱՀԿ ՄԽ գործունեության ստվերումն էր. Գալուստ Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին իր ելույթում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ զեկույցները դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի»,- ընդգծեց Սահակյանը:
Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ բանաձևերի քննարկումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը հենց Մինսկի խումբն էր: «Նրանք կոչ էին արել չձեռնարկել քայլեր, որոնք վտանգել բանակցային գործընթացը»,- հավելեց Սահակյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության նիստի ընթացքում էլ ընդունվել է հայտարարություն, որում հստակ սահմանված է, որ Եվրախորհրդարանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որը հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումներից առաջ և դրանց ընթացքում ծավալվող իրադարձությունները ցույց են տվել, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր զենք է, որից կարելի է օգտվել: «Եվ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն մեր պատվիրակության անդամներին, այլ այն պատգամավորներին, ովքեր պատվիրակության անդամ չեն, սակայն մեծ աշխատանք են կատարել, որպեսզի այդ բանաձևերի ընդունումը ձախողվի»,- ասաց Սահակյանը:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր: