Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին:
Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է. Պան Գի Մուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, մարտի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Առայժմ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ կատարել իրենց խոստումները եւ թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնել պաշարված շրջաններ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին ՄԱԿ-ի գործակալությունները գործընկերների հետ միասին կարողացել են օգնություն հասցնել ավելի քան 80 հազար մարդու, իսկ առաջիկա հինգ-վեց օրվա ընթացքում սննդամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանան եւս 140 հազար բնակիչներ:
Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ներկայում Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է երկրի տարածքի մեծ մասում:
«Ինչպես երեւում է, առայժմ հրադադարը պահպանվում է Սիրիայի տարածքի մեծ մասում»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարություններ չի լսել նոր զգալի խախտումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: