Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ է ժամանել Բելգիայի ֆլամանդական խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում է Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հայտնի դասախոս Փոլ Միրթսը:
Ադրբեջանում անհրաժեշտ է վարչակարգի փոփոխություն. բելգիացի դասախոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակներում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր Փոլ Միրթսը ցանկություն է հայտնել Արցախի պետական համալսարանում հանդիպելու ուսանողների հետ՝ հանդես գալով «Միջազգային բանակցային գործընթացը» թեմայով դասախոսությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի՝ ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ հաջողությունների հասնելու համար ձեռնարկվելիք առաջնահերթ քայլերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պրոֆեսոր Փոլ Միրթսն ասել է, որ ամենակարևորն Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ալիևյան կառավարության պատրաստակամությունն է տեսնելու բանակցային գործընթացի անհրաժեշտությունը:
«Եթե նրանց բավարարում է այս իրավիճակը, ապա բանակցային գործընթացը որպես այդպիսին չի կայանա: Իհարկե, կարևոր է հասկանալ, որ բանակցային գործընթացի էությունն այն է, որ պետք է ինչ-որ բան տալ՝ մեկ այլ բան ստանալու համար: Իսկ դա նշանակում է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն որևէ բան կորցնել ինչ-որ բան ստանալու համար: Եթե նայենք ադրբեջանական իշխանությունների տեսանկյունից, ապա նրանց հիմնական խնդիրն այն է, որ իրենք չեն ուզում կորցնել իրենց իշխանությունը, որովհետև եթե Ալիևի կառավարությունը գնա փոխզիջումների, ապա դա կարող է նրա վերջը լինել, քանի որ հանրությունը հնարավոր է չընդունի այդ լուծումը: Այսպիսով՝ կարևոր է, որ Ադրբեջանում հաջորդ կառավարությունը լինի առավել ժողովրդավարական և իսկապես պատրաստ լինի բանակցել: Այդ առումով Ադրբեջանում անհրաժեշտ է վարչակարգի փոփոխություն: Իշխանությունը պետք է անցնի այլ մարդկանց, այդ դեպքում հնարավոր է, որ Արցախի անկախությունն ընդունվի Ադրբեջանի կողմից, իսկ հակառակ դեպքում՝ հնարավոր չէ դրական արդյունք ակնկալել հակամարտության կարգավորման գործընթացից»,- մասնավորապես ասել է Փոլ Միրթսը: