Արցախ են ժամանել Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ուսանողներն ու դասախոսները:
Հունգարացի համալսարանականներն այցելել են ԱրՊՀ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ճանաչողական երկօրյա այցի շրջանակներում նախօրեին հունգարացի համալսարանականների 30 հոգանոց պատվիրակությունն այցելել է նաև Արցախի պետական համալսարան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հունգարիայի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմում զոհված՝ ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որից հետո հունգարացի ուսանողներն ու դասախոսները ծանոթացել են Արցախի մայր բուհի շենքային պայմաններին և գիտակրթական ներուժի հնարավորություններինս:
ԱրՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը պատվիրակության ղեկավար, պատմաբան, հայագետ Բալինտ Կովաչը ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Արցախի ուսանողների հետ շփումը մի քանի օրում վերածվել է ջերմ բարեկամության: Այնուհետև հունգարացի և արցախցի ուսանողները միմյանց փոխանակել են պատմական տեղեկություններ:
Բուհերի ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ այսուհետ սերտ համագործակցությունը շարունակական է լինելու:
Լրագրողների հետ ճեպազրույցում Բալինտ Կովաչը նշել է, որ հայերի հանդեպ իր սերն ու հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ երբ ուսումնասիրել է 17-18-րդ դարերում Տրանսիլվանիայում հաստատված հայերի և այնտեղ ստեղծված հայկական համայնքի պատմությունը:
«Հայոց պատմությունը շատ հետաքրքիր է: Շատ եմ կարևորում Ցեղասպանության ճանաչման հարցը: Ես ուսումնասիրում եմ ոչ միայն Կարպատյան ավազանի երկրների, այլ նաև Հայաստանի ու Արցախի պատմությունը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մեր ուսանողները, ովքեր սովորել են Արցախի և Հայաստանի պատմությունը, ևս կարևորում են հայոց պատմության խորքային ուսումնասիրումը»,-ասել է Բալինտ Կովաչը:»,-ասել է Բալինտ Կովաչը:
Հունգարացի պատմության և միջազգային հարաբերությունների բաժնի ուսանող Պետեր Զելեյնը առաջին անգամ լինելով Արցախում ասել է, որ հիացած է Արցախով:
«Արցախն ինձ հետաքրքրում է նաև մասնագիտական տեսանկյունից: Կովկասյան տարածաշրջանում շատ են չլուծված հակամարտությունները: Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ նորից գալ Արցախ և իմ կարծիքն ասել այդ խնդիրների վերաբերյալ»,-ասել է հունգարացի ուսանողը:
Նշենք, որ հունգարացի համալսարանականները այցի ընթացքում կծանոթանան նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների հետ, կլինեն Տիգրանակերտում և Գանձասարում: