Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Արցախի պետական համալսարանում «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում դասախոսությամբ հանդես են եկել արձակագիր, դրամատուրգ, լրագրող Ռուսլան Սաղաբալյանը և քաղաքագետ, ՀՀ-ում գործող «Առավոտ» թերթի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը:
Արցախյան մեդիան պետք է լինի օրակարգ թելադրողներից մեկը. փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսներն անդրադարձել են լրագրության ժանրերին, խոսել ժամանակակից լրագրության ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մասին:
Ռուսլան Սաղաբալյանն ապագա լրագրողներին է ներկայացրել ցանցային լրագրությունը, որը, իր կարծիքով, հետաքրքիր է շատերին, քանի որ գրեթե ամեն օր ցույց է տալիս, թե ինչպես են առօրյայում ապրում մարդիկ:
Բանախոսն անդրադարձել է նաև քաղաքական լրագրությանը՝ այն համեմատելով սպորտաձևի հետ: «Քաղաքական լրագրությունը ենթադրում է խաղի կանոնների լավ իմացություն, ուստի անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել քայլերը՝ դարպասը գրավելու համար»,- նշել է Ռ. Սաղաբալյանը:
Իսկ «Առավոտ» թերթի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը կարևորել է մեդիայի և քաղաքացիական հասարակության դերն Արցախում:
Նա նշել է, որ արցախյան մեդիան պետք է լինի օրակարգ թելադրողներից մեկը և ազդի հասարակական կարծիքի ձևավորման վրա, իսկ տեղեկատվությունը համարել նոր զինատեսակ, որը մեկ ժամում կարող է ալեկոծել ամեն ինչ:
«Արցախում անկախ լրագրողների գործունեությունն անհրաժեշտություն է՝ հասարակության կարծիքն օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ներկայացնելու նպատակով»,- նշել է Ռ. Մեհրաբյանը՝ քաղաքական որոշումների ընդունման հարցում ևս ընդգծելով լրագրողների դերը:
Հանդիպման վերջում բանախոսները հանդես են եկել առաջարկներով՝ հետագա համագործակցությունն ամրապնդելու համար, իսկ ուսանողների կողմից հնչել են տարաբնույթ հարցեր: