Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արդիական հիմնախնդիրներ» գիտական համագործակցության ծրագիրը, որի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել արդի համահայկական տիրույթին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցերը, վերհանել հիմնախնդիրները և նախանշել լուծման ուղիները:
ԱրՊՀ-ում մեկնարկել է «Արդիական հիմնախնդիրներ» գիտական համագործակցության ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել բաց և փակ քննարկումներ. մասնավորապես՝ պանելային քննարկում, ֆորում, կլոր սեղան, գիտական լսումներ, համաժողով և այլն: Թեմայով պայմանավորված՝ գիտական համագործակցության ծրագրի լսարանը կարող է լինել դասախոսների կամ ուսանողների մեծամասնությամբ:
Ն. Բաղդասարյանը նշել է, որ «Տարածաշրջան. ռազմաքաղաքական համատեքստ» թեմայով սկսվեց ծրագրի մեկնարկը և թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ ԱՀ անվտանգության հարցը ռազմական դիվանագիտության և հակառակորդի զսպմանն ուղղված ռազմաքաղաքական միջոցառումների համակարգում է: Այն թելադրվում է հակամարտող կողմերից մեկի՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանության և սպառազինության մրցավազք թելադրելու քաղաքականությամբ:
Օրերս կայացավ առաջին քննարկումը, որի բանախոսներն էին պ.գ.դ. պրոֆեսոր, ԱՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. հնարավոր զարգացումներ, պատերազմի վտանգ» թեմայով և ք.գ.թ., անվտանգության և ռազմական պրոբլեմների փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով: